«Ժողովուրդ». Որտե՞ղ քվեարկեցին Փաշինյանի զավակները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններն էին։ ԿԸՀ հաղորդած նախնական տվյալներով՝ որևէ ուժ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չի հաղթահարել 50%-ի շեմը, ըստ այդմ՝ միանձնյա չի կարող քաղաքապետ ունենալ։
Իշխող ուժի թեկնածուին՝ Տիգրան Ավինյանին, աջակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, մասնավորապես, քարոզարշավի եզրափակիչ օրը նրա հետ քայլերթի մասնակցեց ու բեմից բարձրագոչ ելույթներ ունեցավ։ Արդեն սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան կնոջ հետ գնաց իր քաղաքացիական պարտքը կատարելու։
«Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվրիպեց, որ «Երրորդ մաս»-ում՝ 8/16 ընտրատեղամասում, Փաշինյանի հետ քվեարկում էր նաև Աննա Հակոբյանը, չնայած որ գրանցված է Կենտրոն վարչական շրջանում ու պիտի քվեարկեր Կենտրոնում՝ 9/18 ընտրական տեղամասում։ Ինչ վերաբերում է վարչապետի երեխաներին, ապա Մարիամի քվեարկելու տեղամասը պաշտոնապես 9/18-ն էր, և, ըստ պաշտոնական տվյալների, վարչապետի հետ պետք է քվեարկեր որդին՝ Աշոտը, որը գրանցված էր 8/16-ում: Հարց է առաջանում՝ որտե՞ղ քվեարկեցին վարչապետի զավակները։
Մարիամ և Աշոտ Փաշինյանները մինչև ուշ գիշեր ՔՊ շտաբում էին: Հավելենք նաև, որ միևնույն ժամանակ Մարիամ Փաշինյանը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում տեղադրել էր լուսանկարներ և վիդեոներ, որտեղից պարզ է դառնում, որ Աշոտն ու Մարիամը կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին, հանգիստ են անցկացրել Հայաստանի գեղատեսիլ վայրերում։
Ընտրական ցուցակների պաշտոնապես հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը կտեղեկացնի՝ արդյոք Փաշինյանների ընտանիքից ընտրական իրավունք ունեցող բոլոր անձինք են քվեարկել ու աջակցել «Քաղաքացիական պայմանագրին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում