Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտը, այլ քաղաքներ ու գյուղեր. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ.
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։
Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը բացահայտորեն ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում սկսում է «հակաահաբեկչական միջոցառումներ», որի վերաբերյալ, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ինչպես նաև ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը։
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, որը ճիշտ երեք տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերին ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակությունն է։ «Ռազմական օբյեկտների ոչնչացման» սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գյուղեր։
Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից։ Նույն նպատակն են հետապնդել 2020թ դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ԼՂ լիակատար շրջափակումը։
Հարձակմանը նախորդել է այդ թվում Ադրբեջանի ԱԳՆ կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին, ինչը վկայում է հարձակման պլանավորման և տեղեկատվական դաշտի ապահովման մասին։ Կրկին հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված չեն Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և ռազմական տեխնիկա, ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին բոլոր լուրերը կեղծ են և շինծու։
Կոչ միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական զինուժը փորձում է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը. Արցախի ՊՆ
- Արցախից հաստատում են. Կան վիրավոր երեխաներ
- Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական հայաթափումն է՝ ցեղասպանության գնով. «Ապրելու երկիկր»
- Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի նկատմամբ. Շտաբ
- Կանայք, երեխաները լացելով իջել են նկուղ, շուրջն անդադար կրակոցներ են. Պատմում են Ստեփանակերտից
- Արցախի ՊՆ. Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ
- Արմեն Խաչիկյան. Արցախի հեռախոսային և ինտերնետ կապը ամբողջությամբ կամ մասնակի խափանված է
- Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում, մի շարք հատվածներում կասեցվել է թշնամու մխրճումը. Աբրահամյան
- Ստեփանակերտի փողոցներում. Դպրոցից տուն վերադարձող երեխաները սարսափած են
- Ռուբեն Վարդանյան. Հայաստանի իշխանությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը
- Ադրբեջանը հաստատում է՝ գործողություններ են սկսվել Արցախի դեմ
- Ադրբեջանն Արցախում առաջնահերթ թիրախներ է ընտրել, որոնք այս պահին կրակի տակ են. Աբրահամյան
- Արցախում զանգվածային հրետակոծություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան