Ադրբեջանը կրակել է ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ փորձել են Լաչինի միջանցքով ԼՂ-ից տարհանել կանանց և երեխաներին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են.
«Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։
Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են շենքեր, բակերում կայանված մեքենաներ, տներ։ Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապ օգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ութ անձանց մարմինները տեղափոխելու համար:
Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, Լեռնային Ղարաբաղից տարհանել կանանց և երեխաներին։
Այս փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ ունեն ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ։ Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիան կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Պաշտպանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին և անհապաղ միջոցներ ձեռնարկել զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կեղծիք է տարածում, թե Արցախում ՀՀ ՊՆ ստորաբաժանումներն են մարտ վարում
- Բեգլարյան. Արցախում արագորեն աճում է զոհերի և վիրավորների թիվը
- Սամվել Շահրամանյան. Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն անհագստացած է Արցախում քաղաքացիների նկատամբ զինուժի կիրառման հետևանքներից
- Արցախի իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ որոշումները կայացնեն, որքան էլ դրանք ծանր լինեն․ Բեգլարյան
- Արցախն օրերի կամ ժամերի խնդրի առաջ է կանգնած, ժամը 19։00-ին մեծ հանրահավաք ենք կազմակերպելու. Թևանյան
- Արցախում պատերազմի ֆոնին ԱՊՀ հետախուզական ծառայությունները մտահոգություն են հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակի կապակցությամբ
- Արցախ. կյանքը՝ ապաստարաններում
- Արցախի ՊԲ-ն ոչնչացրել է առնվազն 20 ադրբեջանցի զինվորի
- Աբրահամյան. Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին