Ուշադիր հետևելու ենք Հայաստանի ամբողջականությունը հարցականի տակ դնելու փորձերին. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Փարիզը մտահոգված է ստահոդ հռետորաբանությամբ, որի նպատակն է Հայաստանին ներքաշել Ղարաբաղի ողբերգական իրադարձությունների մեջ։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել (Արցախում - խմբ.) իրադարձությունները որպես պատրվակ օգտագործելու փորձերին, որոնք կարող են հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ նախօրեին Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի հարձակողական ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու հավելել, որ հատկապես անհանգստացնում են զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում։
«Հրադադար, ըստ երևույթին, չի հաստատվել և Ֆրանսիան կշարունակի հետևել իրավիճակին։ Ֆրանսիան մշտապես աջակցել և աջակցում է լուծումներին բանակցությունների միջոցով, որոնք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը երաշխավորելու են խաղաղության մեջ ապրելու իրավունք՝ հարգելով նրանց պատմությունն ու մշակույթը»,– ասել է նա ։
Նա կրկնել է, իր երեկվա հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան Ադրբեջանին է պատասխանատու համարում (Արցախի - խմբ.) բնակչության ճակատագրի համար։
Նրա խոսքով` հենց այս պատճառներով է Ֆրանսիան հանդես եկել Անվտանգության խորհրդում Ղարաբաղի հարցով իրավիճակի անհապաղ քննարկում անցկացնելու նախաձեռնությամբ:
Կարևոր է, որ խորհուրդը միասնական և հստակ արտահայտվի այս հարցի շուրջ։