Իսկ մարդիկ պահանջում էին՝ հիմա, հիմա
«Նախ եկեք ողջունենք Արցախում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին։ Ես ձեզնից մեկն եմ, որ ուզում է րոպե առաջ Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանության համակարգից»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «հիմա, հիմա»։ Թևանյանն էլ արձագանքեց․ « Այդ «հիմա»-ն ինձ պետք չէ համոզեք հիմա։ Մենք բոլորս մտել ենք «հիմա»-ի տրամաբանությամբ, բայց մեզ անհրաժեշտ է արդյունքը, որը ենթադրում է կազմակերպվածություն, կարգապահություն, թիմային աշխատանք: Ինձ ճիշտ հասկացեք, ես անկեղծ եմ ասում, մեր հակառակորդը, ավելի ճիշտ թշնամին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլ իրեն սատարող երկու պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հետևաբար, մենք արդյունքի հասնելու համար ոչ թե պետք է ֆիդայական ջոկատներով, հախուռն գրոհներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք մեր թշնամուն: Ծափահարություններ․․․»,- ասաց Թևանյանը։
Ըստ նրա ՝ այս քաղաքական պրոցեսի սկզբից հայտարարել է, որ իրենք պատրաստ են իրենց դնել այս պրոցեսի զոհասեղանին։
«Սրա արդյունքում, եթե մենք հաղթանակ չունեցանք, չկարողացանք պաշտպանել Արցախը, Հայաստանը, կապ չի ունենալու, թե ով ինչ կարգավիճակ ունի, ով ինչպես է մտածում, ով ինչ կարիերա է անելու, կամ ինչ ջանդամով է զբաղվելու։ Հետևաբար, ես ձեզնից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն: Հավատացեք, իշխանափոխության գործընթացը նույնն է, ինչ ֆիզիկոսը իր լաբորատորիայում փորձեր անի,մեզանից ոչ մեկ չի մտնի դրա մեջ, ինչ բժիշկը վիրահատություն անի: Սա գիտություն է, որ պետք է ճիշտ կազմակերպել ու արդյունքի հասնել: Ես համոզված եմ, որ մենք Նիկոլ Փաշինյանին վռնդելու ենք»,- ասաց նա:
Թևանյանի խոսքով՝ քաղաքական պայքարը ենթադրում է,որ պետք է ապահովել առավել զանգվածայնություն. «Խոսքս միայն այս հրապարակի մասին չէ, սա համազգային փոփոխություն պետք է լինի։ Մենք մեր պայքարը պետք է կանոնավոր բանակ դարձնենք, որպեսզի հաղթենք թշնամիներին»։
Քաղաքական գործիչը կարծում է, յուրաքանչյուր մտահոգ մարդ պետք է իր շրջապատում քարոզ իրականացնի:
«Կամ արի հրապարակ, կամ գնա խրամատ։Կասկած չունեմ, որ այստեղ գտնվող մարդիկ խորը հայրենասեր մարդիկ են։Կուզեմ ինքներս մեզ ծափահարենք․․․»,- ասաց նա և շարունակեց․ « Դա նշանակում է համազգային գործադուլներ, դասադուլներ։ Կոչս ուսանողությանը՝ ստիպեք ձեր դասախոսներին նույնպես դասադուլ իրականացնել եւ կանգնել Հայաստանի ու Արցախի օգտին: Ես համոզված եմ, որ մեր հանրություն ուզում է անցնցում եւ հնարավորինս արագ իշխանափոխություն: Մի գրամ անգամ չկասկածեք, որ մենք նպատակասլաց ենք աշխատելու: Մենք շատ արագ, կառուցվածքային տեսք ենք տալու այս պրոցեսին: Մենք պատրաստ ենք ձեռք սեղմել նաեւ նրանց, որոնք հայհոյել են մեզ տարբեր ներքաղաքական հարցերով: Նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս»,-ասաց Անդրանիկ Թևանյանը
Նրա խոսքով՝ իշխանափոխություն այլընտրանք չունի. «Ես պատրաստ եմ հայտնվել զոհասեղանին, բայց ապահովել արդյունք»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ՝ չար ուժերի. Հայր Աբել
- Այն, ինչը որ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր. Ավետիք Չալաբյան