«Հրապարակ». Հրապարակում մոտ 10 հազար մարդ էր հավաքվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում էին ՀՀ վարչապետից՝ քայլեր կիրառել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիներից պաշտպանելու համար կամ էլ հրաժարական տալ:
Դրան զուգահեռ, ՌԴ դեսպանատան դեմ էր բողոքի ակցիա ընթանում, որն ակնհայտորեն ուղղորդվում էր ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի պատասխանատվության վեկտորը թեքվի դեպի Ռուսաստանի Դաշնություն, որն իր` ռազմավարական դաշնակցի պարտականությունները չի կատարում:
Մերձիշխանական շրջանակներն էլ ամեն կերպ փորձում էին դժգոհության ալիքն ուղղել նախկինների, ռուսների և արցախցիների կողմը: Քննչական կոմիտեն հապճեպ հայտնեց, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել` անկարգություններ կազմակերպելու և կոչեր անելու փաստով: Հրապարակ էր բերվել «Ալֆա» ջոկատը:
Հրապարակի ամբողջ տարածքում խափանված էր ինտերնետ կապը և հնարավոր չէր լայվ մտնել: Այս պրիմիտիվ մեթոդներով իշխանությունը փորձում է կանխել բողոքի զանգվածային ալիքը: Հրապարակում, մոտավոր հաշվարկներով, ժամը 21-ի դրությամբ արդեն մոտ 10 հազար մարդ էր հավաքվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում