Արցախյան ողբերգության մեջ մեծ դեր խաղաց ուղղորդվող մի զանգված․ Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Երբ մի ողջ ազգ հանձնվում է մի հոգու քմահաճույքին՝ զոհելով իր ունեցած ամենաթանկը, էդտեղ արդեն կարելի է զոհ չգնալ քաղաքավարությանը և իրերը կոչել իրենց անուններով։ Արցախյան ողբերգության մեջ մեծ դեր խաղաց ուղղորդվող մի զանգված, որը Նիկոլը հմտորեն օգտագործեց իր ծրագրերն իրականացնելու փուլում, և որն էնտուզիազմով ստանձնեց այդ անշնորհակալ դերը․
1. Նույն զանգվածը բորենիական էնտուզիազմով ողջունում էր, երբ Նիկոլը ոռնում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա էլ նույն էնտուզիազմով ողջունում է «Արցախը ցեղասպանվում է, բայց դա մեր գործը չէ» պահվածքը։
2. Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլն ինքն իրեն իրավունք վերապահեց հայտարարելու, որ Արցախն Ադրբեջանի մասն է, ու դարձյալ՝ բորենիական աջակցություն և էնտուզիազմ։
3. Մենք ունեինք մեկ տարի՝ մեր ժողովրդին հասկացնելու, որ ողբերգության ժամացույցը միացված է։ Բայց չկարողացանք։
4. Խաղաղ Արցախը երկու օր անընդմեջ հրթիռակոծելու փուլում մենք էլի չունեցանք ոչ մի իրական դաշնակից, բայց բորենիական բառապաշարով սրան ասում են «ինքնիշխանություն»։
5. Վերջին երկար շրջանում, իսկ վերջին երկու շաբաթում՝ հատկապես ընդգծված ձևով Նիկոլը տանում էր արհեստական հակառուսականության արշավ։ Հարցն այն չէ, թե ռուսները սուրբ են, ամենևին սուրբ չեն, հարցն այն է, որ այդ արշավը շա՜տ արհեստական էր ու կոնկրետ նպատակի էր ծառայում։ Եվ դա՝ թշնամու զորքերի կուտակումների պայմաններում։ Բայց սրանց լեզվով դա դարձյալ կոչվում է ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ։
6. Պատահակա՞ն էր արդյոք Էրդողանին զանգելը և նրա առաջարկը՝ կազմակերպել քառակողմ հանդիպում Արցախի թեմայով, երբ հաստատ արդեն գիտեր, որ որոշված է նոր պատերազմը և Արցախի հանձնումը ՀՀ անկախության օրով վավերականացնելը։
7. Երբ երեկ բոլոր նորմալ մարդիկ՝ կին, երեխա, անելանելիությունից հավաքվում էին հրապարակում, մի իբր կրթված շերտ ասում էր՝ սա 5-րդ շարասյունն է, որը վտանգում է մեր ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
8. Ո՞րն է սրանց ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ Նիկոլը ու իր իշխանությունը։ Սրանք Նիկոլին ավելի են կարևորում, քան՝ իրենց երեխեքի օրորոցը, էլ չասած՝ պետությունը, հայրենիքը, Արցախն ու Արցախի երեխեքը։
9. Սրանց ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ հաջորդ սերիան 8 անկլավներն են, որոնց հետևից Ալիևը շուտով գալու է։ Էրդողանը երեկ արդեն անոնսը արեց՝ ինչ խոստացել ես, պետք է տաս։ Ու բորենու էնտուզիազմով դարձյալ ողջունելու են, որովհետև նրանց ասվելու է՝ այդպես մենք կապահովենք մեր ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
10. Բայց սրանց ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ բառի տակ պետք չէ լուրջ բան փնտրել՝ իշխանություն և մասնավոր շահ։ Երբ սա վերջապես հասկանան էնտուզիազմով նրա ամեն բառը ողջունողներն ու նրա իշխանությունը երկարաձգողները, արդեն չափից դուրս ուշ է լինելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան