Գեղամ Բաղդասարյան. Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը գրում է.
«Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը, մարդկանց կյանքերը փրկելը։ Արցախցիների կենսագործունեության համար ոչ մի պայման չկա արդեն, բացարձակապես ոչ մի։ Մարտունի քաղաքի մերձակայքից ազերիները բարձրախոսներով մարդկանց հրամայում են դուրս գալ, այլապես կկոտորեն բոլորին։ Մարտակերտին, որքան գիտեմ, երեք օր ժամանակ էին տվել։ Ստեփանակերտի ծայրամասից (Կրկժանի կողմից) կրակում են քաղաքի վրա։ Բայց ոչ բավարար քանակով մեքենա կա, ոչ էլ վառելիք՝ մարդկանց դուրսբերելու համար։
Շտապ միջոցներ է պետք ձեռնարկել։ Արցախի և Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային կառույցներին և պահանջեն նրանց ներգրավումը մարդկանց տարհանման գործում։ ՄԱԿ ԱԽ այսօրվա նիստը ամենահարմար առիթն է այդ մասին բարձրաձայնելու։ Հուսով եմ, որ գոնե դա կանեն, գոնե դրանում կհաջողեն, գոնե դրա համար պլոճիկ կունենան։
Առանց միջազգային ներկայության տարհանումն անհնար է, քանի որ մի շարք խոչընդոտներ կան։ Դրանցից ամենակարևորը ռուսների վերաբերմունքն է։ Ռուսներն ուզում են, որ որոշակի քանակությամբ մարդիկ մնան, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։ Սա փաստացի պատանդառություն է, և այս մասին պիտի բարձրաձայնել։ Հենց այս նպատակով ռուսներն Արցախում տարածում են, որ իբր Հայաստանը չի ուզում ընդունել արցախցիներին։ ՀՀ իշխանությունները պետք է հստակ, մինաշանակ և ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեն, որ պատրաստ են ընդունել մարդկանց։
Կարծում եմ, բոլորն էլ ցանկություն կհայտնեն դուրս գալու, բացառությամբ այն մարդկանց, որոնց հարազատների ճակատագիրը դեռևս անհայտ է՝ նրանք կարող է իրենց կյանքը վտանգի տակ դնելով սպասեն՝ մինչև մի լուր առնեն։ Բայց նրանց էլ պիտի համոզել։
Ամեն ժամն ու ամեն րոպեն թանկ է, անասելի թանկ»։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ
- Մի քանի հազար տարհանված բնակիչներին կացության և սննդի հարցը
- Արցախի ԱԱԾ. Ադրբեջանի հատուկ ծառայությունները «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան