Իմ մայրը 1994 թվականին անձամբ ձեզ փող է տվել, որ ես բանակից հեռանամ. Զոհվածի հայրը՝ Օհանյանին
«Իմ մայրը 1994 թվականին անձամբ ձեզ փող է տվել, որ ես բանակից հեռանամ, ես դրա մասին իմացել եմ 4 տարի հետ»,-Եռաբլուրում Սեյրան Օհանյանին դիմեց զոհված զինծառայողի հայրը, որի անունը Բագրատ է:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ սուտ է ասում և հետաքրքրվեց, թե որտեղ է նա ծառայել:
Զոհվածի հայրն ասաց, թե Հորադիզում վիրավորված է եղել և իր մայրն անձամբ իրեն գումար է տվել ծառայությունից ազատելու համար:
«Դու սուտ ես ասում, սրիկա ես»,-արձագանքեց Օհանյանը:
Բագրատը շարունակեց. «Ես շատ ուրախ կլինեի, որ ես այն ժամանակ զոհվեի, քան իմ երեխան զոհվեր: Դուք սրիկա եք, կամ նա է սրիկա, ով փող է վերցրել այն ժամանակ»:
Սեյրան օհանյանն ասաց, որ չի կարող լինի մի անձնավորություն, որը ասի, որ իրեն գումար է տվել, իսկ զոհվածի հոր ծնողից փող վերցնողը սրիկա է:
Զոհվածների հարազատների հետ զրուցելուց հետո Օհանյանը կրկին մոտեցավ Բագրատին և հետաքրքրվեց, թե որ զորամասում է ծառայել1994 թվականի մարտ ամսին:
Վերջինս պատասխանեց, որ Կապանի զորամասում:
«Բայց Կապանի զորամասն ի՞նչ կապ ունի իմ հետ, 1994 թվականի մարտ ամսին ես եղել եմ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետը, Կապանի զորամասն իմը չի եղել»,- հայտարարեց Օհանյանը:
Բագրատն ասաց. «1994 թվականի մարտ ամսին ես եկել եմ Երևան: Ինձ Կապանի զորամասից հանկարծակի բերում են տուն, տղեքը թարս են նայում ինձ, թե ինչո՞ւ եմ գնում, հետո՝ 4 տարի անց եմ իմանում դրա մասին»:
Օհանյանը շարունակեց. «Ես ձեզ սրիկա ասացի այդ հերյուրանքի համար, ներողություն եմ խնդրում: Դատի տուր, թող հանեն ամեն ինչ»:
Զոհվածի հայրն ասաց, որ փողի փոխանցման մանրամասները չգիտի, քանի որ երկար ժամանակ իր մոր հետ չի խոսում:
«Չի կարող նման բան լինի, դու իմ ենթակայության տակ չես եղել, Կապանի զորամասը իմ ենթակայության տակ չի եղել, Հորադիզն իմը չի եղել, ինչպե՞ս կարող է քո ծնողը գա ինձ գումար տա քեզ ազատի: Եթե ես փողով մի զինվոր ազատած լինեմ, կլինեմ աշխարհի ամենավերջին մարդը, դրա համար ձեզ ասացի սրիկա»,-հայտարարեց Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել
- Հայաստանի անկախության հռչակման օրը, ինքը հանձնեց Արցախը՝ անկախության վրա մի մեծ քար նետեց.Օհանյան
- Եռաբլուրում ծնողներ ՔՊ-ականներին՝ «Դուք թուրք դավաճան եք»