Սոցնախ. Սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրման անհրաժեշտություն չկա
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Հորդորում ենք չնախաձեռնել նման գործընթացներ՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի քաղաքացիների կարիքները։
Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Panorama.am-ն այսօր օգնություն հավաքելու դեպք արձանագրել է Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում։ Կազմակերպիչներն ասացին՝ ուսանող են, իրենց սեփական նախաձեռնությունն է։
Լուսանկարն արվել է այսօր հիշյալ հասցեում։