Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, առավոտյան ժամը 10,00-ից կշրջափակենք կառավարության շենքը․ Մանուկյան
«Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն»,-Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, Ղարաբաղ կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։
«Մենք դեռ շատ կհավաքվենք, կքննարկենք այս իշխանությանը դուրս շպրտելուց հետո ՝ինչ ճանապարհով է գնալու Հայաստանը, բայց այժմ մեր աչքի առաջ արնաքամ է լինում Արցախը․․․ անպաշտպան, ոչ մի պաշտպան չունի։ Ցանկացած երկիր իր քաղաքացու, հայրենակցի համար ինքնաթիռ է ուղարկում իր հայրենակցին փրկելու համար։ Երեխաներ են զոհվում, մայրեր, տղամարդիկ մինչև վերջ պայքարում են, մինչև հիմա պայքար է գնում։ Ոցն կարող է այսպիսի իշխանություն լինի, այս իշխանությունը դուք եք»,- ներկաներին ասաց Մանուկյանը։
Նա ողջունեց այն երիտասարդներին, որոնք այսօր փակեցին փողոցները։ Այս գործընթացը Մանուկյանին հիշեցրել է Ղարաբաղյան շարժումը։
«Մեր ժողովրդին չեն զոմբիացրել, եթե զոմբիանային, այդպիսի երիտասարդություն չէր լինի։ Ողջունում եմ այդ երիտասարդներին՝ առանց ճանաչելու»,- ասաց նա և շարունակեց․ « Այս իշխանությունը մտածում է ՝ մի երկու օր հանրահավաք կանեն, մի քանի մեքենայի վնաս կբերեն, կհանդարտվեն կգնան տուն։ Չէ՛։ Այն ցեղասպանությունը, որ այսօր տեղի է ունենում Արցախում, մտնելու է Հայաստան։ Ինքը սկզբում պայմանավորվում է, հետո ասում է՝ չեմ կարող անել, դիմացին էլ ռազմական ճանապարհով էդ պայմանավորվածությունն իրականացնում է։ Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները։ Դրան պետք է միանա ոչ միայն Երևանի, այլև շրջանների բնակչությունը, պետք է շարասյուններով գան Երևան։ Այս կենտրոնում է հարցը լուծվելու»,- ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ կազմակերպչական աշխատանքները կազմակերպելու համար ստեղծվել է կոմիտե։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, բայց այս պահին նա թվարկեց 5 հոգու անուն ` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան:
«Մենք պետք է հարցին լուծում տանք լեգիտիմ ձևով։ Մեր առաջին նպատակը պետք է լինի՝ այս իշխանությանը ծնկի իջեցնելը։ Նրանք պետք է հասկանան, որ որպես իշխանություն մահացած են։ Այս առումով մեզ համար մեծ նշանակություն ունեն ԱԺ-ում մեր գործընկերները։ Հիմա արագորեն պետք է սկսել իշխանությանը ծնկի բերելու գործընթացը։ Վաղը, ժամը 11․00-ին այս շենքում տեղի է ունենալու Կառավարության նիստ, որը մեզ համար Կառավարություն չէ։ Այն Կառավարությունը, որը դրդեց Արցախի ցեղասպանությանը, այդ Կառավարությունը մեզ համար գոյություն չունի։ Մենք առավոտյան ժամը 10,00-ից այս շենքը կշրջափակենք, թույլ չենք տա, որ նիստ տեղի ունենա։ Վաղը օտարի կառավարությունը նիստ է անելու, մեր պարտքն է թույլ չտալ դա»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
Նա կոչ արեց հանրությանը ամեն տեղ անհնազանդության ակցիաներ իրականացնել։
Մանուկյանը նշեց, որ այսօր ավտոշարասյուններով պետք է շարժվել տարբեր ուղղություններով։
Հարակից հրապարակումներ`
- Միացեք ժողովրդին. Ցուցարարները՝ կառավարության շենքի դեմ կանգնած ոստիկաններին
- Հանրապետության հրապարակում մեկ րոպե լռությամբ մեկնարկեց հանրահավաքը
- Արցախի դրոշներն այսօր արդեն հանված էին ոստիկանների վահաններից
- «Այդքան անմեղ մարդիկ զոհվեցին, ինչո՞ւ սգո օր չհայտարարվեց»․ քաղաքացիները հավաքվում են հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին