Արցախում եղել են խմբեր, որոնք առաջնագծի տարբեր հատվածներ օգնության հասել են 20-40 կիլոմետր քայլելով, վազելով. Աբրահամյան
«Սկզբնական փուլում գործել է հրետանային, հրթիռային համակարգերը, բավականին ակտիվ են եղել տարբեր նշանակության ԱԹՍ-ները, մի փուլում գործել է նաև ավիացիան, ցամաքային գործողություններն իրականացրել են հատուկ նշանակության ստորաբաժանումները», - «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին:
Նրա խոսքով, այն կատաղի պայքարը, որ Արցախի ՊԲ-ն, արցախցիները տարել են բառիս բուն իմաստով, առանց նահանջելու, զիջելու, տեղի է ունեցել համատարած սովի, մատակարարումների բացակայության, վառելիքի և փոխադրումների բացակայության պայմաններում:
«Մենք ունենք խմբեր, որոնք առաջնագծի տարբեր հատվածներ օգնության հասել են 20-30-40 կիլոմետր քայլելով, վազելով»,- նշեց Աբրահամյանը։
Նա ասաց, որ շրջաններից դեպի Ստեփանակերտ եկող բոլոր հիմնական ճանապարհները փակ են, ադրբեջանիցների կողմից վերահսկվում են։
«Թաղավարդի հետ կապված հակասական տեղեկություններ են շրջանառվում, հստակ չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Ես էլ տարբեր տեղեկություններ ունեմ, մի մասը հաստատում է, որ այդ մարդիկ գտնվում են այլ բնակավայրում՝ Մարտունու շրջանում, կա նաև այլ տեղեկություններ, որ այնտեղ սպանություններ են տեղի ունեցել նույնիսկ խաղաղ բնակչության նկատմամբ»,- նշեց պատգամավորը։
Աբրահամյանն ասաց նաև, որ ադրբեջանցիներն անմիջապես Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերի մատույցներում են, Արցախի ոստիկանական ուժերը երեկվանից՝ հրադադարի պայմանավորվածությունից հետո, ուժեղացված ծառայություն են իրականացնում։
«Իրավիճակը շատ լարված է, մարդիկ նաև ծանր հոգեբանական հարված են ստացել, այս իրավիճակում բոլոր գործողությունները պետք է լինեն խիստ հաշվարկված»,- նշեց նա։
Աբրահամյանն ընդգծեց՝ արցախցիներն ամեն ինչ արել են, որ կանխեն այս ամենը. «Եթե չլիներ այդ մարդկանց կամքը՝ կռվել ու չնահանջել, կունենայինք շատ ավելի մեծ զոհեր, մեծաթիվ զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում։ Իհարկե, ցավով արձանագրենք, որ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունն ինքը հրաժարվել է իր արյունակիցներից, հայրենի մյուս հատվածում ապրող մեր հայրենակիցների կյանքի անվտանգության համար պաշտպանություն անելուց։
Այդ իրավիճակը կարող էինք միգուցե կանխել, մեղմել կամ այլ մասշտաբի գործողություն լիներ, եթե Հայաստանում լիներ իշխանություն, որն իր իներտությամբ, լուռ համաձայնությամբ, քաղաքական կուրստով ուղղակի չնպաստեր ադրբեջանական օպերացիայի իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է
- Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան
- Չնայած ՊԲ հաղորդմամբ կրակի ինտենսիվությունը նվազել է, սակայն իրադրությունը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ․ Աբրահամյան
- Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել,սակայն մեր զինծառայողները ծանր մարտերով հետ են մղել. Աբրահամյան
- Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ է հասցնում ՊԲ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել. Աբրահամյան
- Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում, մի շարք հատվածներում կասեցվել է թշնամու մխրճումը. Աբրահամյան
- Ադրբեջանն Արցախում առաջնահերթ թիրախներ է ընտրել, որոնք այս պահին կրակի տակ են. Աբրահամյան
- Արցախը թեև խիստ բարդություններով, ի հեճուկս իր թշնամիների, շարունակում է դիմադրել․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին