Զոհված զինծառայողների ծնողները գիշերը լուսացրել են «Եռաբլուր»-ում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերը լուսացրել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որ թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին առավոտյան մտնել պանթեոն։
Ծնողները նշում են, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ոտք դնել «Եռաբլուր»։
Նրանց խոսքով՝ «Արցախը հանձնելուց հետո իրենք էլ չեն կարողանում նայել իրենց որդիների աչքերին»։
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը նշում է, որ Աննա Հակոբյանի այն խոսքերը՝ «տղաները զոհվել են հանուն ոչնչի», փաստացի դառնում է իրականություն։
«Իրենք պլանավորված եկել են իշխանության, որ իրենց թեզը պաշտպանեն։ Փաստորեն մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի։ Մեր երեխաներին տարան այնտեղ, որտեղ, ըստ իրենց, Ադրբեջանն է։ Բայց Արցախը մեր երկիրն է, մեր պատմական հողերն են։Տվեցին, ծախեցին Արցախը ու հիմա Աննա Հակոբյանի ասածն իրականություն է՝ մեր տղաներին զոհեցին հանուն ոչնչի, իսկ իրենք իրենց երեխաների հետ երջանիկ ապրում են։
Թող ոչ մեկ չասի, թե հայրենիքի համար զոհվելը պատիվ է։ Պատիվ է այն դեպքում, երբ այդ հայրենիքը կանգուն է մնացել։ Իրենք փոշիացրեցին և՛ 90-ականներին, և՛ 2016 թ-ին, և՛ 2020 թ-ին տղաների կատարած բոլոր անձնազոհությունները՝ հանուն հայրենիքի։ Այսքան ցավ չէի ապրի, եթե հաղթանակած լինեինք, ցավոտ հպարտություն կլիներ, բայց կասեի, որ հայրենիքը փրկված է, բայց այսօր ես չունեմ Արցախ, չունեմ որդուս, ես կիսամարդ եմ»,- ասաց Աստղ Գալեյանը։