Ողջ հայությունը պետք է ոտքի ելնի․ Արամ Առաջինը համազգային զորահավաքի կոչ է անում
«Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը ողջունում ենք տագնապալից պայմաններում: Երկար ամիսների սովից ու տառապանքից հետո, այսօր Արցախը գտնվում է մահվան դեմ հանդիման»,- այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Արդարև, Ադրբեջանի հետզհետե ծավալող սպառնալիքների ու սադրանքների դիմաց արեցինք զիջումներ, վարեցինք բանակցություններ, կատարեցինք հայտարարություններ, հրապարակեցինք դատապարտություններ, դիմեցինք միջազգային համայնքին, թակեցինք մեր մոտիկ ու հեռու բարեկամների դռները, սակայն, ոչինչ չփոխվեց: Ո՛չ ոք չլսեց մեզ, ո՛չ ոք գործնականում չկիսեց մեր մտահոգությունները և զորակից չեղավ մեր իրավունքներին:
Մյուս կողմից, արյունարբու թշնամին առավել կատաղությամբ շարունակեց իր պատերազմը հայ ժողովրդի դեմ, զենքով, թե քարոզչությամբ, հայկական հողերի վրա, թե աշխարհում՝ դառնալով ավելի անգութ, հարձակողական ու պահանջկոտ։
Թուրքիան ու Իսրայելը շարունակեցին իրենց ամբողջական զորակցությունը իրենց դաշնակից, խորհրդակից ու բարեկամ Ադրբեջանին:
Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող թուրք քաղաքագետները անվերապահորեն պաշտպանեցին Ադրբեջանի ցեղապաշտ քաղաքականությունը Արցախի ու Հայաստանի դեմ, նույնիսկ դատապարտելով «ցեղասպանություն» բառի գործածությունը, 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած մեր ժողովրդի կողմից:
Միջազգային համայնքը, Միացյալ ազգերի կազմակերպությունից սկսած մինչև Եվրոպական միություն, բավարարվեցին լոկ կոչեր հրապարակելով: Ոչ մի գործնական քայլ՝ ամիսներ ի վեր շրջափակման ենթարկված ու սովամահ դարձած Արցախի ժողովրդին օգտակար դառնալու համար, ոչ մի շոշափելի նախաձեռնություն՝ Արցախի ժողովրդի պատմական ու մարդկային իրավունքները պաշտպանող: Եվ ավելին, Ադրբեջանը ցեղասպանություն է փորձում իրականացնել Արցախի 120 հազար անմեղ հայերի դեմ՝ քաղաքակիրթ աշխարհի առաջ։
Անպաշտպան ենք ու առանձին:
Չի կարելի այլևս հանդուրժել մեր ժողովրդի դեմ կատարվող սադրանքները, սպառնալիքները, ռմբակոծումները ու հարձակումները: Չի՛ կարելի այլևս համակերպվել պարտադրված իրավիճակներին: Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանությունը միջազգային համայնքի պարտավորությունն է, ինչպես նաև մեր ազգի համար առաջնահերթություն։ Եթե այսօր հավերժ կորստյան շեմին գտնվող Արցախը չկարողանանք փրկել, վաղը Հայաստանը կարող է հայտնվի նմանօրինակ կացության մեջ: Զգույշ, ժողովուրդ հայոց, հազա՛ր անգամ զգույշ։
Լինենք արթուն ու հեռատես: Պատահական չեն Ադրբեջանի կողմից արվածղ զինվորական-քաղաքական հաջորդական քայլերը: Դրանք սերտորեն ուսումնասիրված, ծրագրված են և համահունչ՝ շրջանի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթին և շատ հավանական է ՝ քաջալերված շրջանի որոշ ուժերի կողմից:
Ո՞ւր ենք մենք, ի՞նչ ենք անում մենք որպես հայ ժողովուրդ։
Հայաստանը անորոշության և անտարբերության ամպերով է ծածկված, իսկ արյունաքամ դարձած Արցախը ամուր կմնա պատնեշի վրա: Պատի՛վ Արցախին։
Արցախը մեր ժողովրդի իրավունքների ու Հայաստանի ամբողջականության, անվտանգության և անկախության պաշտպանության առաջին ճակատն է. պետք է այն ամեն գնով պահել ամուր:
Այլևս չենք կարող հանդիսատես մնալ ներկա ահավոր ու աննախատեսելի վտանգներով լեցուն կացության առաջ՝ սոսկ տագնապելով, հայտարարություններ անելու ու դատապարտելով: Ժողովուրդն ասում է՝ բաժակը լցված է, դանակը արդեն հասել է ոսկորին։
Հետևաբար, Անթիլիասի մայրավանքից համազգային զորաշարժի կոչ ենք ուղղում։ Այլընտրանք չկա։ Այսօր անցյալը ու ներկան քննադատելու ժամանակը չէ, այսօր Արցախի ներկան ու Հայաստանի ապագան փրկելու ժամանակն է: Համախմբվենք համազգային այս սրբազան տեսլականի ու հանձնառության շուրջ՝ մեր ազգի ողջ ներուժով: Այս է մեր ժողովրդի զորության կռվանը:
Հետևաբար, առաջին, պետք է ողջ հայությունը ոտքի ելնի՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, աշխարհի առաջ արտահայտելով իր խոր ընդվզումը ու անխախտ միասնականությունը, ինչպես նաև իր ամբողջական զորակցությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
Երկրորդ, պետք է շուտով համազգային մասշտաբով հանդիպում կազմակերպվի՝ հոգևոր, քաղաքական, պետական ու կուսակցական ղեկավարների մասնակցությամբ՝ ճշտելու համար նոր ռազմավարությունն ու մարտավարությունը իրատես ու խոհեմ մոտեցումով։ Արդարև, աշխարհաքաղաքական շահերի բախման հորձանուտում, հրամայական է, որ Հայաստանը հավասարակշռված դիրքորոշումներ որդեգրի՝ հեռու մնալով միակողմանի մոտեցումներից:
Վստահենք մեր սեփական ուժին: Մեր ազգին ուժը իր հավաքական հավատքի, վճռականության ու միության մեջ է: Այլ ճանապարհ չունենք։ Եկե՛ք միասնաբար քալենք այս ճանապարհով՝ վերանորոգ հավատքով զորացած ու վառ հուսով շաղախված»,- հայտարարեց Արամ Ա-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան