«Ժողովուրդ». Ով է իրականում ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, որը պատասխանատու է սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար, փաստորեն, նախարարության ոչ այնքան հաճելի աշխատակիցներից է:
Բանն այն է, որ Նարեկ Մանուկյանը մինչ նախարարի տեղակալ դառնալը ժամանակին եղել է Գեղարքունիքի մարզպետ, ներկայիս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի տեղակալը: Նարեկ Մանուկյանի կենսագրականում նշված է, որ նա 01.10.2014թ․-15.01.2016 թ. եղել է «Վիվառո Գեյմ» ՍՊԸ-ի մենեջեր, մինդեռ մեր աղբյուրները մեզ ասում են, որ նա եղել է մատուցող, և կենսագրական տվյալները ուռճացված են:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց փոխնախարար Մանուկյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք ճիշտ են վերոնշյալ թեզերը։ «Սուտ են»-, հանգիստ ու անտարբեր տոնով նշեց փոխնախարարը: Թե կենսագրական տվյալների որ տողերն են համապատասխանում իրականությանը, և որը՝ ոչ, դա հարցի մի կողմն է, մյուսն ավելի խնդրահարույց է:
Բանն այն է, որ, իբրև թե, Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանն ավարտած Մանուկյանը սկզբում փոխմարզպետ էր, հիմա՝ փոխնախարար. հետաքրքիր է՝ Սանոսյանը նրան ուր է տանելու, երբ ազատվի նախարարի իր պաշտոնից, կամ ինչու է այդքան կարգ ու կանոն սիրող, օրենքով աշխատող ՏԿԵ նախարարը իր հետ ման տալիս Նարեկ Մանուկյանին, երբ, ինչպես գործընկերներից շատերն են նշում, «4-տառանոց բառի մեջ 7 սխալ է անում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում