Շուշեցի Նորան փնտրում է Արցախում ապրող երեք մորաքույրներին, նրանց երեխաներին, տատիկին, պապիկին, քեռու երեխաներին
Շուշեցի Նորա Ներսիսյանը սեպտեմբերի 19-ից ի վեր որևէ լուր չունի Արցախում՝ Ճարտարում, Մարտակերտում, Կարմիր Շուկայում, Հերհերում ապրող երեք մորաքույրներից ու նրանց երեխաներից, տատիկից ու պապիկից, քեռու չորս երեխաներից։ Հնարավոր ու անհնար բոլոր հեռախասոհամարներով փորձում են զանգահարել, մի լուր իմանալ։ Ապարդյուն։
Նորան ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվեց 2020-ի պատերազմից հետո։ Արցախի տարբեր համայնքներում մնացին ապրելու մորական կողմի հարազատները։ Անցած տարվա դեկտեմբերից, երբ Ադրբեջանը շրջափակեց, ապա պաշարեց Արցախը, քեռու երեխաները մնացել են տարեց տատիկ-պապիկի խնամքին, քանի որ Հայաստան եկած մորեղբայրը, նրա կինն ու փոքր երեխան տուն վերադառնալ չկարողացան։
«Երեկ մի տեսանյութ տեսանք, շտապ օգնության մեքենայի մեջ կարծես պապին էր։ Շատ ենք նմանացրել։ Հիմա փորձում ենք կապ հաստատել Արցախի հիվանդանոցների հետ ճշտելու»,-ասաց Նորան։
Նորայի մոր ծնողները Թաղավարդից են։ Ադրբեջանի կողմից գյուղն օկուպացնելուց հետո ապրում էին Հերհերում։
«Պատերազմի առաջին օրը քեռուս աղջիկը՝ 13 տարեկան զանգեց, լացակումած ասաց՝ քույրիկ, պապային փոխանցի, որ լավ ենք, պատերազմ է»,-պատմեց նա։
Մարտակերտի Կուսապատ գյուղում ապրող մորաքրոջ հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 18-ի երեկոյան։ Նուբար Առուստամյանը չորս անչափահաս երեխա ունի, պատերազմը սկսկելու պահին ամուսինը տանը չի եղել։
«Նույնիսկ այդ ժամանակ ասաց՝ գյուղի վրա կրակում են, նկուղներ են մտել»-պատմեց Նորան։
Դրանից հետո ոչ Նուբարի, ոչ նրա ամուսնու, ոչ երեխաների հետ որևէ կապ չի եղել, հարազատները չգիտեն՝ նրանց գտնվելու վայրը, որպիսությունը։
«Մյուս մորքույրս՝ Նարինե Վագիֆի Առուստամյանը Ճարտարում է ապրում, տասը երեխա ունի, ամենափոքրը մեկ ամսական է։ Նրանցից էլ որևէ լուր չունենք»,-ներկայացրեց արցախցի կինը։
Նորայի երրորդ մորաքույրը՝ Շուշանը ապրում է Կարմիր Շուկայում, ավագն որդին ժամկետային զինծառայող է։ Մորաքրոջ որդու հետ Նորան խոսել է, նա հետաքրքրվել է ընտանիքից, ասել է՝ փոխանցեք, որ լավ է։ Առայժմ զինվոր եղբոր խնդրանքը կատարել չի կարողացել։
Նորան խնդրում է՝ հարազատների մասին լուր իմանալուն պես իրեն տեղյակ պահել այս հեռախոսահամարով՝ 093398093։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան