Արցախի ԱՆ. Քիչ առաջ վերջապես Մարտունիից մեր վիրավորներին բերեցին Ստեփանակերտի հիվանդանոց
«Ունենք մի քանի տասնյակ զոհեր և զոհերի մեջ կան քաղաքացիական անձինք, կա մանուկ երեխա»,- Արցախի հանրային հեռուստաընկերությանը նման տվյալներ է փոխանցել Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը՝ նշելով, որ ամեն րոպե փոխվում է իրավիճակը։
Նրա խոսքով, զոհված մանուկ երեխայի եղբայրն այս պահին ծանր վիճակում է:
«Կա նաև մի ուրիշ երեխա, որ հիմա կազմակերպում ենք այդ երեխայի, նրա մոր և մահացած երեխայի աճյունը տեղափոխել Հայաստան: Աշխատանքներ ենք իրականացնում դա կազմակերպելու համար: Քիչ առաջ տեղեկացրեցին, որ վերջապես Մարտունիից մեր վիրավորներին բերեցին հանրապետական հիվանդանոց, կսկսեն նրանց բուժումները: Այսօր խնդիր ունենք Մարտակերտից մեր զոհվածների աճյունները, ծանր վիրավորում ստացածներին տեղափոխելու: Ռուս խաղաղապահները փոխեցին պլանները և չունենք ուղեկցող: Կարծում եմ՝ վաղը վերջապես կկարողանանք Կարմիր խաչի օգնությամբ դա անել»,-ասաց նա:
Թադևոսյանն ասաց՝ շատ են ուզում հնարավորինս շուտ Հայաստան տեղափոխել 30-ից ավել ծանր վիրավորների։
«Կարմիր խաչի կազմակերպությունը տվեց համաձայնություն, որ ուղեկցեն: Մեքենաները Հայաստանից գան Ստեփանակերտ, վերցնեն մեր վիրավորներին և տեղափոխեն Հայաստան: Ունենում ենք դեպքեր, որ ուշացնելու պատճառով չենք հասցնում կյանքը փրկել»,-ասաց նախարարը։