Թուրքական TRT-ն աղավաղել է Էրդողանի խոսքերը Փաշինյանի մասին
«TRT» թուրքական հեռուստատեսության տելեգրամյան ռուսալեզու ալիքն երեկ մեջբերել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերը։ Մասնավորապես, նշվում է, որ Էրդողանն ասել է, թե «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին»։
«Aysor.am-ը ուսումնասիրել է Էրդողանի այսօրվա պատասխանները լրատվամիջոցների հարցերին, որտեղ չկա որևէ հայտարարություն, թե Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողության մասին։
Էրդողանն ի պատասխան լրագրողի՝ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական գործողության վերաբերյալ հարցին նշել է.
«Նախ, կարևոր է նշել, որ Փաշինյանի մասնակցությունը իմ երդման արարողությանը կարևոր էր: Մենք արդեն մեր շնորհակալությունն ենք հայտնել նրան այդ առթիվ։ Այս վերջին իրադարձությունը Փաշինյանի հետ կապված չէ. դա կապված չէ Հայաստան պետության հետ։ Սա կապված է Ղարաբաղում հայ զինյալների որոշակի խմբի հետ։ Նախագահական ընտրություններ անցկացնելու նրանց փորձը լուրջ մտահոգություն էր և՛ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի համար։
Որովհետև Ադրբեջանը այս իրադարձությունը դիտեց որպես «առկա գործընթացը կացնահարելու միտում»։ Բացի այդ, այս խմբերի կողմից Ղարաբաղում մեր եղբայրներին սպանելու փորձը իրադարձությունները տարավ ավելի վտանգավոր ուղղությամբ։ Զգուշացումներ են տրվել, սակայն, չնայած բոլոր զգուշացումներին, այդ խմբավորումները չեն դադարեցրել իրենց գործունեությունը։
Սրանից հետո Ադրբեջանը քայլեր ձեռնարկեց: Եվ նրանք այնտեղ ռազմական օպերացիան իրականացրին առանց ձգձգումների: Օպերացիայի ավարտից հետո ինձ տեղեկացրին, որ մոտ 90 կարևոր կետի են խփել, և ամբողջությամբ ավարտել են իրենց գործը։ Նրանք պահանջել էին նաև ապահովել ամբողջ տեխնիկայի, զինամթերքի հանձնումը և հետ քաշվելը նախանշված վայրերից:
Մեր երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բանակցություններ է վարել, և այսօր ես հանդիպել եմ նաև իմ գործընկեր նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա շնորհակալություն հայտնեց ինձ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ ելույթի համար և ասաց. «Այժմ արդեն այդ խմբավորումները չեն կարողանա շունչ քաշել այդ տարածքներում: Մենք ավարտել են մեր գործողությունն, այլևս ոչ մի խնդիր չկա»»,- գրում է կայքը:
Ու թեպետ Էրդողանը ուշացած էլի որոշեց իր գործընկերոջը պաշտպանել, այնուամենայնիվ՝ մախաթը պարկում չես թաքցնի։
Փաշինյանը սեպտեմբերի 21-ին հայտարարություն էր արել, ինչը վկայում է, որ ինքը, այո, տեղյակ է եղել ադրբեջանցիների կողմից սպասվելիք ջարդին։ Նա հայտարարել էր. «Դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված հնարավոր փախստականներին կացարանով ապահովելու համար»։