«Հրապարակ». Ինչ են քննարկել Եվլախում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Եվլախում Ադրբեջանի եւ Արցախի պատվիրակության երեկվա հանդիպումից հետո Բաքուն հայտարարեց. «Քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման եւ Ադրբեջանի սահմանադրության եւ օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»:
Մեր տեղեկություններով, հիմնականում հումանիտար հարցեր են քննարկվել, ամենակարեւոր՝ արցախցիների հետագա ճակատագրի հետ կապված հարցերին անդրադարձ չի եղել։
Ըստ Բաքվի՝ բավարարվել է Ղարաբաղի հայերի խնդրանքը՝ մարդասիրական օգնություն տրամադրել՝ պարենային ապրանքների եւ վառելիքի տեսքով։ Ըստ Արցախի աղբյուրների, առաջնահերթ քննարկվել են վերջին օրերի զոհերի դիակների դուրսբերման եւ հարազատներին հանձնելու հարցերը, ինչպես նաեւ՝ հումանիտար խնդիրների հետ կապված տեսական հարցեր։
Արցախում կարծում են, որ Ադրբեջանը կարեւոր խնդրին չի անդրադարձել` մի պատճառով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջիկա ժամերին պետք է քննարկվեր Արցախի հարցը։
Նշենք, որ Ադրբեջանից հանդիպմանը մասնակցել են Ալիեւի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ռամին Մամեդովը, Բաշիր Հաջիեւը եւ Իլկին Սուլթանովը։
Արցախի պատվիրակության կազմում են եղել Սերգեյ Մարտիրոսյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը, ով նախկինում էլ է Արցախի կողմից բանակցողը եղել եւ ռուս խաղաղապահների հետ սերտ կապեր ունի: Նրա որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է, ինչպես նաեւ ԱԺԿ պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ի սկզբանե որոշել են պետնախարար Արթուր Հարությունյանին ուղարկել բանակցելու, սակայն Ադրբեջանը մերժել է նրա թեկնածությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում