Անազատության մեջ էլ Արմեն Աշոտյանը շարունակում է իր պայքարը ազգակործան պատուհասների դեմ․ Դավիթ Հարությունյան
Կարելի է Արմեն Աշոտյանին սիրել կամ չսիրել, կարելի է նրա տեակետներին համաձայնվել կամ չհամաձայնվել, բայց Աշոտյանն անմեղ է։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Աշոտյանը կալանավորված է ընդամենը մեկ պատճառով՝ նա ասում է բաներ, որոնք բոլորդ էլ գիտեք, թե ում դուրը չեն գալիս։ Միևնույն է, լինելով անազատության մեջ, Աշոտյանը շարունակում է իր պայքարը ազգակործան պատուհասների դեմ, որոնք արհավիրք բերեցին Հայաստան և Արցախ»․- նշեց նա։
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այսօր հայ ժողովուրդն ապրում է իր կյանքի ամենաողբերգական օրերը և այն, ինչ տեղի է ունենում, մեր նորագույն պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։
«9 ամիս շարունակ ուղիղ եթերում հետևում էինք, թե ինչպես են հյուծում Արցախը՝ զրկելով մարդկանց սննդից, տարրական կենսական պայմաններից։ Հետո մենք սկսեցինք ուղիղ եթերում հետևել, թե ինչպես են բնաջնջում մեր հայրենակիցներին․ հարյուրավոր զոհեր, տասնյակ անհետ կորած երեխաներ, շրջապատված գյուղեր, իրենց տանը սպանված մարդիկ։
Ո՞վ ենք մենք՝ որպես հայ մարդ, ինչ արժեհամակարգ ունենք, որ մենակ թողեցինք մեր հայրենակիցներին։ Կարծում եմ, որ այս հարցը շատերն են իրենց տալիս, բազում ողջամիտ մարդիկ՝ զգալով անզորություն, զգալով նվաստացում։ Այդ անզորության ու նվաստացման զգացողությունն անընդհատ սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով՝ նպատակ ունենալով ստեղծել տպավորություն, որ ամեն ինչ անդառնալի է և այլևս ոչինչ հնարավոր չէ անել։ Իսկ նպատակը պարզ է՝ անզորությունն ու նվաստացումը վերածել անտարբերության»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այդ անտարբերությունը 2020 թվականից հետո հանգեցրեց Արցախի կորստին, և որը դեռ նոր կորուստներ կբերի մեզ։ «Այսօր շարունակել մնալ անտարբեր, նշանակում է դառնալ այս ոճրագործության հանցակիցը։ Լռությունն այլևս հանցագործություն է»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան