Ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան
«Արցախում 20 հազար մեր հայրենակիցներ գիշերում են բաց երկնքի տակ, Արցախի բանակը պետք է այսօր պարտադրված զինաթափվի, թշնամին պահանջ է դրել, բոլոր հրամանատարներին հանձնել, որպեսզի իր տարածքում դատի նրանց»,-Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց Հայաքվե նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Նա հայտնեց, որ Ստեփանակերտը, Մարտունին և Մարտակերտը շրջափակման մեջ են, Ասկերանի գյուղերը՝ գրավված:
«Սա սոսկալի աղետ է, որը տեղի ունեցավ այս իշխանությունների և նրանց հովանավորների կողմից գծած ծրագրի արդյունքում, որի պատանդն ու զոհերն են դարձել մեր հայրենակիցները»,-ասաց Չալաբյանը:
Նա նկտեց, որ Արցախը դեռ այրունաքամ է լինում և պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ այրունահոսությունը դադարեցնեն:
«Ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին»,-հայտարարեց Հայաքվեի համահիմնադիրը և շեշտեց, որ այդ խնդրի լուծումն ամբողջությամբ իշխանությունների վրա է դրված. թանի որ միայն նա լծակներ ունի::
Նրա խոսքով՝ պետք է Հայստան-Արցախ ճանապարհները բացվեն և սնունդ, հագուստ ու վառելիք պետք է հասցվի:
Չալաբյանը պնդեց, որ Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջաններից արտագաղթածները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը:
Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ թյուր են այն կարծիքները, որ հայոց պատմության վերջին էջը շրջված է և՝ Արցախը կորսված:
«Եկեք այսօր այս հրապարակում երդվենք, որ երբեք չենք համակերպվի Արցախի կորստի հետ, մեր երեխաները, սերունդները Արցախը հետ կվերադարձնեն, դրա համար շատ կարևոր է, որ այն, ինչ կա այսօր Արցախում՝ պահպանվի»,-հայտարարեց Չալաբյանը և հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն իրողության վրա, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին նիստում երկրներն արդեն կոշտ են խոսել Ադրբեջանի հետ, քանի որ չեն ցանկանում մեղսակից լինել ցեղասպանությանը:
Հայաքվեի համահիմնադիրը հայտարարեց, որ ժողովուրդը հրապարակում պայքարում է, ոչ միայն իշխանափոխության, այլև Արցախի փրկության համար՝ իշխանություններին ստիպելով գործել արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում: