Հայր Ասողիկ. Նման չինովնիկին պետք է լրջագույն և արժանի ապտակ հասցնել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Քաոս է, մեր հասարակական և քաղաքական ոլորտներում խավար է տիրում:
Ամենուր ձայներ են լսվում. գոռում են, կանչում, քաշում, հարվածում, հայհոյում...
Անմիաբան ժողովուրդն էլ հախուռն հոսում է...
Եվ այս սրտակեղեք իրողության մեջ, բնական է, որ հայտնվեն չինովնիկներ, որոնք իրենց թույլ կտան նենգ պահվածք, չարամիտ խոսքեր՝ միտված թույն թափելու և վատություն խառնելու ազգերի ու պետությունների բարեկամության մեջ:
Նման չինովնիկին պետք է լրջագույն և արժանի ապտակ հասցնել: Ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը երբեք, ոչ մի դեպքում թույլ չպիտի տան, որպեսզի գտնվեն նման անձեր և իրենց թույլ տան ոտնձգություններ:
Հայաստանն աստվածընտրյալ և աստվածապահ երկիր է, Հայաստանն այն բացառիկ երկիրն է, որը Քրիստոսի մահվան գործիք խաչը՝ ճանաչելով ու դավանելով ԿԵՆԱՑ ՆՇԱՆ, քաջաբար վեր բարձրացրեց ի հեճուկս ողջ հեթանոս աշխարհի: Եվ չարը՝ աստվածամարտը, բոլոր ժամանակներում իր գործակիցներով ու արբանյակներով պայքարի ելավ ընդդեմ Հայաստանի և հայոց ազգի: Սակայն երբեք չնվաճեց և չբնաջնջեց: Եվ դա չի՛ լինելու ցկատարած աշխարհի, զի այդ իշխանությունն ի վերուստ դրան տրված չէ:
Մեզանից ամեն մեկը պարտավոր է այս ծանրագույն իրավիճակում պահելու և պահպանելու Հայոց Պետությունը, ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Հայոց պետականությունը եղել է, կա և կլինի. այս է ճշմարտությունը, և թող այս աստվածային ճշմարտությունն ազնվացնի մեզ, միավորի, զորացնի և կատարյալ հաղթության առաջնորդի:
Մեր սրտագին աղոթքն է, որ այս խավարում չմոլորվենք և սխալ ուղղությամբ չառաջնորդվենք: Քրիստոս Փրկչի լույսին բացված միտքը և Աստծո հետ զրուցող անձը միշտ կընթանա փրկարար ճանապարհով: Լսեցեք, սիրելիներ, Ձեր հարազատ Սուրբ Եկեղեցու հորդորը և պատգամը, Հայոց Հայրապետի խոսքը և միաբան ու միախորհուրդ վճռենք մեր ազգային կենսական խնդիրները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան