Մեր միակ փրկությունը Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների հեռացումն է․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«2020 թ. նոյեմբերի 9-ից մեզանից շատերին համոզեցին, որ կարիք չկա փոխելու իշխանություն, որովհետև անկայուն վիճակ է։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։
2021 թ. մայիսին Սյունիքում և 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի բանակը մտավ Վայոց Ձոր ու հասավ մինչև Ջերմուկ, մեզանից շատերին նորից համոզեցին, որ անկայուն է ու պետք չէ փոխել իշխանություն։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։
2023 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց Արցախում ու պատրաստվում է հարձակում նաև Սյունիքի ու Վայոց Ձորի վրա, նորից փորձում են համոզել, որ անկայուն է և պետք է այլ բաների մասին մտածել։
Իշխանափոխության դեմ քարոզում են նույն մարդիկ ու նույն տեքստերով։ Իշխանափոխություն ուզում են բոլորը, բացի ներկայիս իշխանությունից։ Դա կոչվում է աթոռակռիվ, որ տալիս է ներկայից իշխանությունը։
Վերջապես պետք է հասկանալ, որ բոլոր հարցերում տապալած իշխանությունը չի կարող կայունություն և խաղաղություն բերել։ 2020-ի պատերազմը չհաշված՝ արդեն 3 պատերազմ բերել է, որի արդյունքում ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի այլ մարզերում ենք ունեցել տարածքային կորուստներ և հարյուրավոր զոհեր։ Չեմ խոսում Բաքվի բանտերում մինչև հիմա գտնվող տասնյակ հայ զինվորների մասին, որոնց 3 տարի է՝ չեն կարողանում տուն բերել։
Այնպես որ, մեր միակ փրկությունը Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների հեռացումն է։ Միասին օգնենք, որ հաջողենք ու լծվենք ամեն մեկս մեր գործին՝ վստահ լինելով, որ մեր արածը թղթով չեն հանձնի թուրքին, ինչպես որ արեցին Գորիս-Կապան ճանապարհի, Քարվաճառի կամ Բերձորի հետ։
Քարտեզում երևում են Ադրբեջանի առաջիկա պլանները, որին դիմադրելու կարողություն ու ցանկություն չունի ներկայիս իշխանությունը։ Իսկ մե՞նք»։