«Փաստ». ՔՊականները հանձնարարություն են ստացել ներքին թշնամանք տարածելու նոր ալիք նախաձեռնել
«Փաստ» թերթը գրում է.
«Այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախին ամբողջովին միայնակ են թողել հանցագործ, ահաբեկիչ թշնամու երախում, երբ Արցախը հանձնել են վերջնականապես, իսկ ժողովուրդն իր ընդվզումն է արտահայտում փողոցներում, քպականներն ու մերձքպական շրջանակները հանձնարարություն են ստացել ներքին թշնամանք տարածելու նոր ալիք նախաձեռնել:
Ընդ որում՝ երկու ճակատով՝ ընդդեմ արցախցիների և ընդդեմ անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների մասնակցողների: Վերջիններիս հետ կապված «մեսիջները» վերաբերում են վաղուց ծեծված թեմաներին՝ «նախկիններ», «5-րդ շարասյուն», «ռուսական ագենտներ» և այլն:
Ընդ որում, այստեղ առավել ակտիվ են արևմտամոլ իշխանամերձներն անխտիր, թեկուզ նրանցից որոշները հանդես են գալիս իբր ընդդիմադիրի դիրքերից, իսկ իրականում զբաղված են պառակտմամբ: Իսկ ահա իշխանության հետ ասոցացվող տեղեկատվական հարթակները լծվել են արցախցիների դեմ թշնամանք հրահրելու գործին, ընդհուպ փողոցներում ակցիաներ իրականացնողներին որակելով «ղարաբաղցի ջարդարարներ»: Սա մեծ մասի զայրույթն էր առաջացրել: Շատերի կարծիքով, այսպիսով Փաշինյանը նպատակ ունի արցախցիների դեմ թշնամանքի նոր դոզա ներարկել և հիմքեր ստեղծել քաղաքացիական բախումների համար:
Փաշինյանական այս «սուրբ» գործին ներգրավվել են բոլոր հնարավոր «գործիքները», այդ թվում՝ հին ու վաղուց հայտնի: Հանրության աչքից չվրիպեց, ի մասնավորի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մոր խայտառակ գրառումների շարքը: Նա ևս, ի դեպ, տասնամյակների դասախոս է, լսարան է մտնում, առնչվում ուսանողների հետ:
Հավելենք, որ այս կինը միակը չէր. ի տարբերություն բազմաթիվ իրապես արժանապատիվ ու հայրենասեր դասախոսների, մի քանի դասախոսներ իրենց պարզապես խայտառակ կերպով էին պահել արցախցի ուսանողների հետ՝ իրազեկման ակցիայի ժամանակ: Պատահական չէ, որ շատ օգտատերեր կարծիք էին հայտնում, որ նման հակահայ պահվածքով անձանց պարզապես չպետք է թույլ տալ՝ գործ ունենալ երիտասարդ սերնդի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում