Դռների ու պատուհանների ապակիները հասան նկուղ ու հաջորդ զարկը. Պատմություններ նկուղից
Արցախցի Մարիամ Սարգսյանը, որ մանկահասակ երեխա ունի, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է պատմություններ նկուղից.
«Ականջներիս մեջ դեռ ռումբերի որոտն է,որ թափվեցին գլխներիս օրը ցերեկով։ Երկրորդ անգամ փոքրիկի գրկած վազում էի(առաջին անգամ քրոջս որդուն,այս անգամ՝իմ աղջկան), թաքստոցի տեղ անգամ չգիտեի։ Խուճապը, անսպասելիությունը ջնջում են նույնիսկ հիշողությունդ ու գիտակցումդ։
Մի տղա գրկեց Սաթէին ու վազեց նկուղ,մինչ կհասնեի նրանց հետեւից մի քանի րոպեն ժամեր տեւեց, այդ պահին թվում էր՝չեմ հասնի,կմնամ ռումբերի տակ։ Հայտնվեցինք մի նկուղում, որտեղ կիսամերկ երեխաներ էին՝ պատրաստվում էին քնել։ 60-ից ավել երեխաները լացում եւ գոռում էին՝«մա՜մա»։
Այդ ժխորի մեջ դայակ, դաստիարակները հագցնում էին երեխաներին միաժամանակ լացում իրենց իսկ երեխաների համար, ովքեր դիրքերում էին։ Անընդհատ նկուղում էին հայտնվում երեխաների ծնողները՝ ռումբերի տակ վազելով,հասնում, որ գրկեն իրենց երեխային։ Չգիտեմ ինչ ուժով են օժտված Արցախում ապրող ծնողները։ Ծնող դառնալուց հետո երեխայի կորստի մասին մտածելը անտանելի է։
4 ժամ անց, երբ արդեն նկուղում մնացել էինք «հիմնական կազմը» սպասում էինք,որ գիշերը տուն կգնանք։ Արդեն երեկոյան գուժում էին անդառնալի կորուստների մասին...
Ազնավուրը... Ազնավուրը եղբայր է, հարազատ, ում չլինելուն չենք հավատում ոչ մեկս... տառապանքը շշուկների միջով շրջում էր նկուղում։ Մի քանի ժամ առաջ քաղաքապետը շրջել էր բոլոր նկուղներում, իսկ մի քանի ժամից,նա, որ պիտի պարզապես կազմակերպչական աշխատանքներ աներ՝իր մարմնով վահան դարձավ քաղաքին։
Այս անգամ զենք բռնած ցանկացած տղա գիտեր, որ գնում է 99%-անոց մահվան, ով փրկվել է՝ հաջողակ է երրորդ, չորրորդ անգամ։
Գիշերն ու ցերեկը խառնվել էին իրար։ Ամեն զարկի հետ սեղմում էինք ատամներս,որ չճչանք,չարթնացնենք «որոտից» վախեցած փոքրիկներին։ Ամեն զարկի հետ մարմնով փակում էինք մեր երեխաներին, աղոթում էինք,եւ ինչպես աղջիկներից մեկը շշնջաց, իրոք՝ աշխարհի ամենաանկեղծ աղոթքները հնչում են նկուղներում։
Ձայներից փորձում էինք հասկանալ՝ մերոնք են, թե՞ իրենք։
Ամեն րոպե մտածում էինք,որ սա վերջն է։ Ընդհատվող ձայներից հետո վախն ավելի շատ էր, սպասում էինք,որ նկուղ կարող է մտնել նրանցից որեւէ մեկը եւ.... եւ երեխաս կարող է ապրել ընդամենը 9 ամի՞ս։ Մեղավոր եմ զգում ինձ,որ ռոմանտիզմս բերեց մեզ այստեղ։ Հավատն էր,որ հայկական ենք պահում Արցախը։ Իսկ հիմա, իրոք, մեր երեսունամյա երիտասարդ պետությունն էլ զոհվեց խրամատում։
Շարունակելի...։
Սպասում, մահեր և ծնունդ
Նկուղում ժամանակը կանգ է առնում՝ հատկապես, երբ սպասում ես լուրի,զանգի ու չկա այդ զանգը։
Օրվա երկրորդ կեսին՝ 3-ի կողմերը մի կերպ կապվեցի Հովիկի հետ ու հետո որքան զանգում էի՝ չէր ստացվում։ Կապը խափանվել էր մի շարք հատվածներում և մարդիկ չէին կարողանում կապվել իրենց հարազատների հետ։ Հեռախոսային ընդհատվող խոսակցությունները ավելի էին լարում իրավիճակը։ Մի երիտասարդ կին կիսատ տեղեկություն ստացավ ամուսնուց, չհասկացավ, թե չընկալեց՝պարզ չէր, բայց կորցրեց գիտակցությունը։ Փոքրիկ դեղատուփի մեջ սահմնաափակ թվով դեղեր էին և առաջին օգնությունից անտեղյակ մենք(ևս մի կետ, որին պարտավոր են տիրապետել հատկապես հակամարտության գոտում գտնվողները)։ Ժամերը ձգվում էին, բայց մոտակա գյուղերից ոչ մի նորություն։ Մարտակերտից տխուր լուրեր էին հասնում, Ամարասից՝ ևս։ Մինչև լուսաբաց սպասումը թափառում էր նկուղում։ Խոսել կարող էինք միայն դրսից, ընդհատվող կրակահերթերի տակ դուրս գալը համարձակ քայլ էր։
Չգիտեմ քանի անգամ եմ զանգել ամուսնուս և ամեն անգամ սպասումով,որ այս զանգին կպատասխանի։ Նայում էի աղջկաս,որ ոչինչ չի հասկանում և սարսափում,որ կարող է չճնաչել իր հորը...
Գիշերվա 12- անց էր, երբ թվում էր վերջապես կդադարեն հարվածել քաղաքին, բայց դրսում պատերազմը շարունակվում էր և թվում, որ այն վերջ չունի։ Հարվածներն ավելի մոտ էինք զգում։
Նկուղի մեր տղան՝ Հովոն, որ երևի 14 տարեկան էր բացատրում էր ցերեկով, որ, երբ զգաք,որ ձեզ վրա հող է թափվում,այդ ժամանակ կվախենաք։
Արդեն սպասումից նվաղած փորձեցի փակել աչքերս, երբ ձայնը կարծես հնչեց գլխիս մեջ։ Սա վերջն է։ Էլ չկա՞նք։ Դռների ու պատուհանների ապակիները հասան նկուղ ու հաջորդ զարկը...կանք, դժոխը դեռ չի վերջացել։
Սարսափը, որ արկը հենց մեր նկուղի վրա է ընկել՝պատեց բոլորիս։ Երջանիկ էիր զգում,որ այս անգամ էլ փրկվեցիր։ Բայց սպասումը շարունակվում է։ Չգիտեմ քանի րոպե քնեցի, բայց իրականությունն ու ցնորքը խառնվել էին իրար, ինձ թվում էր այդքան սպասված զանգը հնչել է,բայց ես արթուն չէի...չէր հնչել, երազ էր։
Առավոտը ծանր բացվեց, պարզվեց,որ Ազնավուրը մենակ չէր։ Իր հետ էր Նվերը, որ մի ամիս առաջ էր ամուսնացել և իր զոհված հորեղբոր անունն էր կրում (ով ևս նորապսակ էր, երբ զոհվեց)։ Իր հետ էր ոսկեմազ, փոքրամարմին Վաչագանը, ով իր այրիացած մոր միակ զավակն էր,և տունը վերանորոգել,ավարտել էր, պիտի շուտով ամուսնանար։ Իր հետ էր Բաբկենը, որ կնոջ թիկունքն էր...
Նախորդ օրվա հրետակոծության զոհ էր դարձել նաև երկար տարիներ քաղաքի հայտնի տաքսիստ Նոձին, ով շատ դաժան մահով զոհվեց. մարդը պարզապես դուրս էր եկել հաց տանելու համար։
Գիշերվա միակ լավ լուրն այն էր, որ նկուղում երեխա է ծնվել։ Բոլորը վստահ էին՝ հաստատ Շանթի ու Մարինէ Չարշաֆճեանի երեխան է։ Շրջափակման 9 ամիսները համընկել են Մարտունի տեղափոխված սփյուռքահայ Շանթի ու կնոջ՝Մարինեի երկրորդ երեխայի սպասման հետ։
Նախորդ 9 ամիսների ընթացքում ամենատխուրը հղիների վիճակն էր,որ չէին ստանում անհրաժեշտ վիտամիններ, իսկ հիմա կլորիկ փորերով ստիպված էին իջնել նկուղ։
Այս զույգը, որ հեշտորեն կարող էր ապրել ԱՄՆ- ում՝ նախընտրեց Արցախը,հայրենիքը։ Նախընտրեց հետպատերազմյան Արցախը, ավերակների մեջ կյանք ստեղծելը, հայրենիքն ապրեցնելը։ Այսօր լսեցին ռումբերի և իրենց մանկան ճիչը միաձուլված։ Ցեղասպանված,հայրենազրկվաց արևմտահայի ծոռն այսօր Արցախում կանգնած է նույն ճակատագրի առաջ,ինչ իր պապերը։ Ապրումներս բառեր չեն դառնում։
Հ. Գ Հովիկը զանգեց գրեթե 24 ժամ հետո, մեր բախտը բերեց... »։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան