Քննադատություններից հետո Մետրոպոլիտենը լրացրեց հաղորդագրությունը
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ լինելու հաղորդագրությունը տարածելուց հետո շատերը դա պայմանավորեցին այսօր երեկոյան տեղի ունենալիք հանրահավաքով։
Այնուհետև Մետրոպոլիտենը տարածեց մեկ այլ հաղորդագրություն՝ մանրամասնելով, թե ինչ է մետրոն մեկ օրով փակելու պատճառը.
«Երեկ արդեն իսկ տեղեկացրել էինք,որ ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։
Դեպքի վայրում աշխատում էր ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Մանրամասնել էինք նաև, որ վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ։
Հանրությանը իրազեկվել էր,որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշեց այսօր դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։
Մեր թիմը հավատարիմ է իր կարգախոսին՝ մեզ համար յուրաքանչյուր ուղևորի արագ,անվտանգ ու անխափան երթևեկությունն ամենակարևորն է։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է
- Վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից․ ի՞նչ է կատարվել Երևանի մետրոյում
- Մետրոյում գնացք է խափանվել, մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության