Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է․ ոստիկանապետը՝ ոստիկանի կողմից անչափահասին խեղդելու մասին
«Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում։ Ես չեմ տեսել»,- անդրադառնալով անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանի կողմից անչափահաս տղային խեղդելու կադրերի մասին լրագրողների հարցին՝ ասաց ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ ծառայողական քննություն կլինի, կպարզեն։
Լրագրողների այն դիտարկմանը, որ ոստիկաններն անհնազանդության ակցիաները ցրելիս անհամաչափ ուժ են կիրառում, Արամ Հովհաննիսյանն ասաց, թե անհամաչափ ուժ չի կիրառվել, իսկ ում հանդեպ կիրառվել է, կարող է գալ ու հաղորդում ներկայացնել։
Հարցին՝ կա՞ն ոստիկաններ, որոնց լիազորությունները կասեցվել են, նա նշեց․ «Այս պահին ոչ, ինչի՞ համար միանգամից կասեցնեն, մի հատ ծառայողական քննություն կլինի կպարզենք՝ մեղավո՞ր են ոստիկանները, թե՞ ոչ»։
Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի և ոստիկանների միջադեպին, Արամ Հովհաննիսյանն ասաց` ծառայողական քննություն է նշանակվել։