Չեմ ուզում վախեցնել, բայց օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու․ Թևանյան
«Մենք միասին հսկայական գործ ունենք անելու։ Չեմ ուզում վախեցնել, բայց ասեմ, որ օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է՝ Արցախը դատարկվում է»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։
Նա նշեց, որ այն մեծ ցավ է բոլորի համար, բայց անելիքը՝ Երևանում է։
«Մեր անելիքը մեկն է՝ Նիկոլ Փաշինայնի հեռացնելն է։ Սա աթոռի խնդիր չէ, Հայաստանի լինել-չլինելու խնդիր է։ Հենց այդ նպատակով պետք է առանց երկմտելու ու վարանելու ամենօրյա ռեժիմով պայքար մղենք, որպեսզի Երևանը չդառնա խրամատ, որպեսզի Երևանը Շուշիի օրը չընկնի։ Մենք միասին պետք է առավելագույն անկեղծություն ու փոխադարձ վստահություն ցուցաբերենք, այլ տարբերակ չկա։ Խոսքը՝ գլխավոր պատասխանատվություն վերցնելն է։ Ես արդեն ասել եմ, որ այդ պատասխանատվությունը վերցնող կա, մնում է միասնական և համատեղ ջանքերով իրականացնել մեր անվտանգության ապահովումը։ Հիշեք ժամկետը՝ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչը որ նախապես պայմանավորվել է Ալիևի ու Էրդողանի հետ։ Արդեն գիտենք,թե ինչպես են գործում մեր թշնամիները՝ նախապես անոնս են անում, հետո՝ անցնում են գործի։ Եթե պայքար չմղենք, կարող ենք կորցնել Սյունիքը, հետո՝ ողջ Հայաստանը։ Բայց մենք դատապարտված ենք հաղթանակի ու միասնական ջանքերով պետք է ապահովենք հաղթանակը»,- իր ելույթում ասաց Թևանյանը։
Նա ընդգծեց, որ տեղյակ է ներկաների դժգոհություններից ու մտահոգություններից, բայց որոշման կայացման պատասխանատվություն կա։
«Եթե այստեղ հավաքվի 100 հազար մարդ, ապա մինչև հոկտեմբերի 5-ը Նիկոլ Փաշինյանին վռնդելը դառնում է իրատեսական։Դրան պետք է գնալ։ Սիրելի քաղաքացիներ, այստեղ հրաշագործներ չկան, կա պատասխանատվություն, ժողովրդի ուժը և մենք պետք է միշտ իմանանք՝ հիմնվելով ստեղծված իրավիճակի վրա, Նիկոլ Փաշինյանն այսպես,թե այնպես հեռանալու է, այդ հարցում կոնսենսուս կա։ Կարևորը հետևյալն է՝ նա հեռանում է ցնցումներով,թե՞ առանց ցնցումների։ Մենք կողմնակից ենք առանց ցնցումների հեռացմանը, դրա համար ժողովուրդը պետք է մաքսիմալ մոբիլիզացվի՝ տեր կանգնելով իշխանությանն ու պետությանը։ Այս հարցով պատրաստ եմ խոսել բոլոր ուժայինների հետ՝ ներկայացնելով իրավիճակի լրջությունը»,- ասաց նա։
Խոսելով անելիքներից, Թևանյանը կոչ արեց վաղվանից նոր թափ հաղորդել գործադուլներին։
«Առանձին ոչ մի անհատ չի կարող որևէ բան փոխել, պետք է անցնել համազգային գործադուլի, գյուղ կանգնի գերան կկոտրի»,- ասաց քաղաքական գործիչը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նոր կազմակերպություններ են միացել գործադուլին։
Հարակից հրապարակումներ`
- Պայմանավորվել է արդեն՝ հերթական կեղծ պատերազմը պետք է սարքի, Եռաբլուրը պետք է եռապատկի.Տարոն Տոնոյան
- Հերոսանալու անհրաժեշտություն չկա, մեզ պետք է չմաշվել․ Մենուա Սողոմոնյան
- Հանրապետության հրապարակում մեկնարկում է հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան