Հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ՝ սահմանափակելով իր տիեզերական իշխանությունը. Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Սիրելիներ,
Արդեն քանի օր է ձեզանից ոմանք գրում և ասում՝ հնչեցրեք զանգերը, հոգևորականներդ առաջնորդեցեք ժողովրդին:
Պատասխանել եմ ոմանց՝ անձնական հաղորդագրությամբ: Սակայն կարիք եղավ, ահա, այսպես բաց իմ տեսակետն արտահայտելու:
Մեր սուրբ եկեղեցիների զանգերն ամեն օր հնչում են՝ կոչելով մեզ ընդհանրական աղոթքի, սակայն աղոթքը նաև առանձնական սխրանք է, ամեն մի հավատավոր հայորդի իր անձնական աղոթքով պետք է վարի հոգևոր կյանքի՝ հավատքի բարի պատերազմը:
Արդ, մեր կյանքի այս հորձանուտում, երբ չենք կարող մեր սահմանափակ գործողություններով իրավիճակ փոխել, լավագույն միջոցը ներազդելու և խնդիրների բարվոք լուծմանը նպաստելու՝ հավաքական աղոթքն է: Ազգի ու Հայրենիքի ցավը և գալիքի տեսլականը մեր սրտերում կրելով՝ եկեք, միասնաբար կանգնենք աղոթքի. խումբ-խումբ գնանք և լցնենք մեր եկեղեցիները և սրտագինս աղոթենք, և անկեղծ, զորեղ խոսքի ուժն անպայմանորեն կիջեցնի Ամենազոր Աստծո օրհնությունն ու շնորհը՝ այլակերպելով ու պայծառակերպելով մեր ներկա կյանքը:
Հոգևորականն աստվածային իշխանություն ունի առաջնորդելու հոգիներին, նա Աստծո օծյալ սպասավորն է, նա վեր է ամեն տեսակ մարդկային դասակարգումներից: Ուստի, հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ՝ սահմանափակելով իր տիեզերական իշխանությունը: Եվս առավել, երբ կա Պետություն և պետական հասարակարգ՝ հայ հոգևորականը բացառապես հավատքի քարոզիչ է և ազգային ավանդի պահապան:
Այս օրերին բազմիցս հնչել է Մայր Աթոռի բարձր ձայնն ուղղված ամեն մի հայի, ամեն մի ուժ, օրվա իշխանություններին: Այդ խոսքը հնչել է որպես խորը ապրում ու մեծ ցավ՝ փարատելու համար ներկա համազգային վերքերն ու վիշտը: Եվ մենք՝ հոգևորականներս, ամենուր ենք, որպեսզի մեր ներկայությամբ ազգի զավակների միջև սեր և համերաշխություն սերմանելով ու հաստատելով՝ արմատախիլ անենք չարիքն ու միասնական ջանքերով վերացնենք մեր գոյությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգները:
Ֆիզիկական զանգերից առավել պետք է ղողանջեն մեր հոգու՝ ներաշխարհի զանգերը, որոնց թելերը զօր ու գիշեր շարժում են մեր հոգևոր հայրերը՝ իրենց աղոթքներով, քարոզներով, զրույցներով, այցերով և տարատեսակ հոգևոր այլ սպասավորություններով:
Արթնացեք, սիրելիներ, խոհեմությամբ ունկնդիր եղեք ձեր հոգիների անլռելի զանգակներին և նախանձախնդրությամբ գործեցեք վասն ներկայի և գալիքի: Յուրաքանչյուրից, ով ինչի կոչվել է՝ իր կոչմանը համապատասխան գործողություն պահանջեցեք»:
Հարակից հրապարակումներ`
- Հայր Ասողիկ. Նման չինովնիկին պետք է լրջագույն և արժանի ապտակ հասցնել
- Մեր բոլոր ձախողումների և կորուստների պատճառն այդ դասի չգոյությունն է. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Ունկնդիր լինենք մեր Պատմության ահեղ ձայնին և չմոլորվենք կեղծիքի ու ստի բավիղներում․ Հայր Ասողիկ Կարապետյան
- Ասողիկ աբեղա Կարապետյան. Կամ կաք՝ որպես պետական-քաղաքական այրեր, կամ ի լուր համայն հայության հայտարարեցեք, որ ի զորու չեք առաջնորդելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան