Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան. Շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները:
Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:
Դրան զուգահեռ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն ու բնականոն կենսագործունեությունը:
Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով:
Ստեղծված ծանր իրավիճակում կոչ ենք անում հատկապես պետական կառավարման համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության:
Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի:
Կոչ ենք անում զերծ մնալ բռնության, անկարգապահության դրսևորումներից, հավատարիմ մնալ արցախցիներին հատուկ օրինապաշտությանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՆԳՆ-ն Կոռնիձորի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Արցախից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում
- Արցախից տեղափոխվող 23 քաղաքացիները նոր մուտք գործեցին Հայաստան
- Եղցահողի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ. Շտաբ
- Որոշվել է ԼՂ-ի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս
- Արցախի ԱՆ. Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ
- Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք անօթևան են և դուրս գալու ցանկություն են հայտնել. Արցախի կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան