Սյունիքի մարզի հյուրանոցների մի մասում տեղերն ամբողջությամբ սպառված են. Հետք
Սյունիքի մարզի հյուրանոցների մի մասում տեղերն ամբողջությամբ սպառված են։ Այս պահին փորձում են տեղավորել բռնի տեղահանված արցախցիներին։ Թե որքա՞ն կմնան արցախցիները, կմնա՞ն հյուրանոցներում, և ի՞նչ ճանապարհային քարտեզ է պետությունը մշակել, հյուրանոցներում տեղյակ չեն։
Այս մասին գրում է «Հետք»-ն ու մանրամասնում, որ «Գորիս» հյուրանոցն այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, 125 արցախցու արդեն տեղավորել է։ Հյուրանոցը մոտ 200 հոգի կարողանում է տեղավորել, սակայն արդեն մասամբ զբաղված է եղել, երբ արցախցիները Գորիս են հասել։
«Մշտական ապրող հյուրեր ունենք այստեղ։ Բայց փորձում ենք 125 հոգուց բացի ևս 30-40 հոգու տեղավորել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց հյուրանոցի ներկայացուցիչ Հարություն Հայրապետյանը։
«Կիրճ» հյուրանոցից հայտնեցին, որ իրենց հյուրանոցում հանգրվանած արցախցիների մի մասը պատրաստվում է Երևան գալ։
Այս պահին հյուրանոցում գրեթե բոլոր հանգրավանածներն արցախցիներ են։ Հյուրանոցում ընդհանուր ութ սենյակ կա, որից մեկը, ժամը 11:30-ից դրությամբ, ազատվում էր: 25-30 արցախցիներից 10 հոգին դուրս են գալու շուտով, տեղափոխվում են Երևան։ «Սպասում ենք նոր խմբի։ Այս պահին ազատ տեղ չկա։ Նաև բացվող մահճակալներ ենք օգտագործում, որ կարողանանք բոլորին տեղավորել»,- նշեցին հյուրանոցից։
Գորիսի «Սյունիք» հյուրանոցը ևս սահմանափակ տեղեր ունի, արդեն ընդունել է արցախցիների խմբի և նոր խմբի է սպասում։
Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախցիներին ընդունելու համար ավելի քան 40 000 տեղ նախապատրաստվել է, խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաև զուգահեռ առողջապահական, սննդի և այլն։
«Այդ առումով կարող ենք արձանագրել, որ մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել։ Սա, ըստ էության, համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ, որ մեր պլան «Ա»-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, այսինքն՝ մեր հայրենակիցներին դուրս բերելը մեր պլան «Ա»-ն չէ»,- ասաց վարչապետը։
Մեզ հետ զրույցներում, սակայն Սյունիքի և մեծ մասամբ Գորիսի հյուրանոցներից հիմնականում նշում էին, որ մինչև երեկ ամրագրումներ չեն եղել, այս պահին հյուրանոցները իրավիճակային լուծումներ են գտնում։
Միայն «Գորիս» հյուրանոցից նշեցին, որ արցախցիների համար ամրագրումները Կառավարությունից 2-3 օր առաջ են արել։
Ոչ բոլոր հյուրանոցներից էին ցանկանում պատասխանել մեր հարցերին, քանի որ շատերի մոտ անորոշ վիճակ է։ Միայն նշում էին, որ այս պահին փորձում են առավելագույն թվով արցախցիների տեղավորել։ Չգիտեն, թե քանի օր նրանք կմնան հյուրանոցներում, և դեռ քանիսն են գալու։
Արցախցիների տեղավորելու համար Կառավարությունը դիտարկում է ոչ միայն Սյունիքում գտնվող հյուրանոցները, այլև՝ մյուս մարզերը։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։
Ըստ նրա՝ Կոռնիձորում և Գորիսում արցախցիների կարիքների գնահատում է իրականացվում։ Նրանք, ովքեր ցանկություն են հայտնում տեղափոխվել բարեկամի, հարազատի կամ Հայաստանում ունեցած իրենց տներ, գնում են այդ ուղղություններով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Բռնագաղթ Արցախից. Լուսանկարներ
- Արցախից Հայաստան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
- Արցախից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 2906 անձ. ՀՀ կառավարություն
- Արցախից Հայաստան է մուտք գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան