Պետք է հասնել նրան, որ ԼՂ-ից բռնի տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում պարտադիր կրթությունից դուրս մնացողներ չլինեն․ Անդրեասյան
Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան պաշտոնավարման ընթացքում։ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար:
«Ցավում եմ, որ մեր առաջին հանդիպումը տեղի է ունենում մեր երկրի համար այսքան բարդ և ողբերգական փուլում` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված: Այս դժվարին օրերին ԵՄ-ն եղել է մեր կողքին, աջակցել ամենատարբեր եղանակներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով շարունակական և արդյունավետ աշխատանքը:
«Այս պահին մենք աշխատում ենք կարճաժամկետ աջակցության ուղղությամբ՝ լուծելով մարդկանց տեղափոխման, առաջնային բուժօգնության, կացարանների տրամադրման, սննդի հետ կապված հարցերը: Զուգահեռաբար, աշխատում ենք միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ, որոնց իրականացման գործում ունենալու ենք նաև մեր գործընկերների աջակցության կարիքը: Ինչ վերաբերում է բուն կրթական գործընթացներին, ապա, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղում շուրջ 30 հազար երեխաներ էին բնակվում: Բռնի տեղահանված երեխաների համար, կեցության հարցերի լուծմանը զուգահեռ, կարևոր խնդիր է կրթության շարունակականության ապահովումը: Երեխաները նաև որոշակի սոցիալ-հոգեբանական աջակցության և նմանօրինակ ծառայությունների կարիք են ունենալու: Մենք նրանց նաև պետք է հոգեբանորեն պատրաստենք դպրոց գնալուն, և այդ աջակցությունը շարունակենք կրթության ընթացքում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ աստիճանաբար պետք է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում պարտադիր կրթությունից դուրս մնացողներ չլինեն:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ համագործակցությունը: Դեսպանն իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա անելիքների վերաբերյալ՝ կարևորելով խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների ապահովմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք նաև համամարդկային արժեք են ներկայացնում և դրանց պահպանությունը հնարավոր է միայն միջազգային գործընկերների ջանքերի գործադրմամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը, Եվրամիության կողմից տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր՝ ծրագրային նախաձեռնություններն արդյունավետ իրականացնելու նպատակով:
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են հատկապես երիտասարդության ոլորտում համագործակցության խորացումը՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ թվով հայ երիտասարդներ կներգրավվեն ԵՄ ծրագրերում, որոնք ուղղված են նաև Հայաստանի հեռավոր մարզերում երիտասարդների ակտիվության խթանմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին