Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի և նրանցից 2500-ի համար ապահովվել է կեցավայր.Տիգրան Խաչատրյան
«Ի սկզբանե, երբ Լաչինի միջանցքն արգելափակվեց և առևտրային նշանակության բեռների հոսքը դադարեց, երկու խնդիր առաջացավ, առաջինը, որ ԼՂ մեր գործընկերները պետք է փորձեին ամեն ինչ անել, որ բնակչությունն ժամանակին ապահովված լիներ սնունդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով»,-ուղիղ Եթերում հայտարարեց կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Նա հայտնեց, որ մինչև հունիս ամիսը, որոշակի կարգավորումներ գործում էին, խաղաղապահների օգնությամբ դրանք հասնում էին և բնակչությանը:
Խաչատրյանը նշեց, որ հունիսից ի վեր այդ շարժն ընդհատվել էր և աշխատանքային խումբը դրանից հետո փորձում էր ճանապարհներ գտնել այդ հումանիտար օգնության բեռներն Արցախ հասցնելու համար:
«Հուլիսի 15-ին կառավարությունը, տեսնելով, որ իրավիճակը փակուղային է և անհրաժեշտ է հարցի վերաբերյալ միջազգային տեսանելիությունը բարձրացնել՝ դեպի Լաչինի միջանցք, Կոռնիձոր ուղղեց 400 տոննա մարդասիրական բեռներով շարասյուն»,- հիշեցրեց փոխվարչապետը:
Տեղեկացնելով, որ աշխատանքային խմբի գործունեության բնույթն արդեն երեք օր է փոխվել է՝ Տիգրան Խաչատրյանն ասաց .«Անհրաժեշտ է այդ մարդկանց դիմավորել. պարզել ամենառաջնային կարիքները և 24 ժամյա աշխատանքի ընթացքում ամենաառաջնային խնդիրները կարգավորել»:
Նրա խոսքով՝ կարճաժամկետ առաջին խնդիրը ժամանողներին վստահեցնելն է, որ կունենան կեցության առաջնային պայմաններ, դրա համար արցախցիներին հարցնում են, թե ունե՞ն արդյոք գնալու տեղ, որից հետո նրանց կարիքները կարող են գնահատել:
«Նրանք, ովքեր կարիք ունեն բնակատեղիով ապահովվելու, հենց անցակետում այդ հարցերը պարզելուց հետո ուղղորդում ենք համապատասխանաբար»,-ասաց Տիգրան Խաչատրյանը և տեղեկացրեց, որ մինչ այդ գույքագրել են հյուրանոցային և հյուրատնային տեղերը, որտեղ առաջին դիմումով կարող էին կեցավայր ապահովել և դրա համար ունեն քարտեզ:
«Այս երկու օրվա ընթացքում, մենք 2500-ը գերզանցող մարդկանց կեցավայրով ենք ապահովել, որոնցից մոտ 1000-ը՝ Սյունիքի հյուրանոցներում և հյուրատներում, 500-ը՝ Վայքում, 500-ը՝ Գեղարքունիքում և շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում տեղակայումը»,-ասաց աշխատանքային խմբի ղեկավարը և հավելեց, որ հենց սահմանին ապահովում են նաև սննդի և առաջին կենսաապահովման այլ միջոցների հարցի լուծումը:
«Հնարավոր է, որ որոշ դեպքերում թերացել ենք ինչի համար խնդրում եմ այն մարդկանց ներողամտությունը, ովքեր գտնվելով այդ ճանապարհին, այդ հոգեվիճակով գուցե առնչվել են որոշ դժվարությունների բայց վստահեցնում եմ, որ ամեն ինչ անում ենք, որ լուծվեն խնդիրները»,-ասաց Խաչատրյանը և տեղեկացրեց, որ Կոռնիձորի հայկական անցակետը այդ պահի դրությամբ հատել է 19000 արցախցի, նրանցից դիմած 2500-ի համար ապահովվել են կեցավայրով, այս պահին Գորիսի ընդունման կետում 1200 քաղաքացի կա. իսկ մեծ մասն ասել է, որ ունեն բնակության վայրերը: