«Ժողովուրդ». Այս գերլարված օրերին ՔՊ-ականներն առավել հաճախ են սկսել հրահանգներ ստանալ վերևից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ականների ընդհանուր «չատն» այս օրերին ակտիվացել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գերլարված օրերին իշխանականներն առավել հաճախ են սկսել հրահանգներ ստանալ վերևից, թե ամեն քայլափոխի ինչ խոսեն, ինչ գրառում անեն կամ իրենց հարցազրույցներում ինչ խոսեն:
ՔՊ-ականներին, մասնավորապես, հրահանգվել է ամեն քայլ անել թիմի հետ համաձայնեցված, առանց թիմի հետ քննարկելու ավելորդ բաներ չխոսել, որպեսզի հանրության՝ առանց այն էլ պրկված տրամադրություններն առավել չսրվեն, ու դժգոհության մեծ ալիքն իրենց նկատմամբ ավելի չմեծանա: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են հայտնում, ՔՊ-ականներին նաև հրահանգվել է այս օրերին գործել սինքրոն. ինչ-որ նոր թեմա են դաշտ նետում ու սկսում են ամբողջ թիմով նույն մոտիվներով գրառումներ ու հայտարարություններ անել, որպեսզի իրենց թեզերը համոզիչ լինեն հանրության համար:
Սրա մասին է փաստում նաև վերջին օրերին իշխանականների պահվածքը սոցցանցերում։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում սուր հակառուսական մոտիվներով որևէ հայտարարություն է անում կամ էլ իրեն հռչակում է Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի «առաջամարտիկ», դրանից հետո ՔՊ-ականները սկսում են մեկ մարդու պես «վերևից» գրված ու ուղարկված նույնաբովանդակ տեքստը «քոփի» անել ու դնել իրենց էջում՝ առանց իրենց սեփական կարծիքն արտահայտելու՝ իբրև համոզիչ փաստարկ Նիկոլ Փաշինյանի ասածներին:
Այս ողջ գործընթացն էլ ամենայն խստությամբ հետևում է ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որպեսզի թիմակիցներն ավելորդ բաներ չխոսեն ու կատարեն հրահանգները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում