«Հրապարակ». Գալու է նաև մելիքբեկյանների պատասխան տալու ժամանակը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրեր առաջ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղափոխվեց Մոնտենեգրո և կանցկացվի նոյեմբերի 10-21-ը: Բնականաբար, սպորտային այս քայլը նորմալ կհամարվեր, եթե չլիներ անցած ամիս Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկող հայ երեք ֆուտբոլիստների դեպքը, ովքեր անօրինական ազատազրկվեցին ադրբեջանցիների կողմից ու 10 օր պահվեցին Ադրբեջանում:
Այս ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա կոչվող հիմնարկը ծպտուն անգամ չհանեց՝ գոնե ֆուտբոլային աշխարհում բարձրացնելու երիտասարդների հարցն ու պահանջելու նրանց իրավունքների վերականգնում ու անհապաղ ազատ արձակում:
ՀՖՖ նախագահի պաշտոնում նստած նախկին լրագրող ու միջազգային կառույցներից դրամաշնորհներ ստացած Արմեն Մելիքբեկյանը տարբեր առիթներով գլուխ է գովում, թե ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեփերինն իր ընկերն է, որ հսկայական կապեր ունի այդ կառույցում ու ՖԻՖԱ-ում, սակայն մատը մատին չտվեց՝ գոնե մեկ հայտարարություն ստանալու համար:
Փաստորեն, մեզ պակասում են հայրենասեր հայերը, մարդիկ, ովքեր իրենց տեղում ու իրենց չափով գործ են անում երկրի համար, ոչ թե Մելիքբեկյանի պես «չինովնիկները», որոնք միայն իշխանություններին դուր գալու ճիգեր են գործադրում, օրինակ՝ իր մտերիմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի միջոցով անդադար Նիկոլի ականջին լավ բաներ «կաթեցնելով» և դրան զուգահեռ հայկական ֆուտբոլը հիմքից քանդելով ու մեր թիմերին, հայազգի խաղացողներին նեղացնելով և ամենակարևորը` հարստանալով: Բայց կգա նաև մելիքբեկյանների պատասխան տալու ժամանակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում