Ամերիկյան կառավարությունը գործունեության կասեցման շեմին է
Մեկ շաբաթից ԱՄՆ կառավարությունը կարող է ժամանակավորապես դադարել գործել, եթե Կոնգրեսը չկարողանա համաձայնության գալ ծախսային օրինագծերի շուրջ, որոնք այսօր էլ Հանրապետական կուսակցության ներքին պայքարի առարկա են, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Մի խումբ ծայրահեղ աջ պահպանողականներ սպառնում են հանդես գալ իրենց կուսակցի՝ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Քևին ՄըքՔարթիի դեմ՝ այս տարվա սկզբին նրա և նախագահ Ջո Բայդենի միջև ձեռք բերված փոխզիջումային պայմանավարովածության պատճառով, որը վերաբերում է պետբյուջեի ծախսային մասին:
«Այս ամենի պատճառն այն է, որ [Կապիտոլիումի] հանրապետականները նույնիսկ չեն կարողանում պայմանավորվել իրար հետ: Հիշում ենք, խոսնակ ՄըքՔարթին, և նախագահ Բայդենը գործարք կնքեցին, որը կոշտ պայմաններ ունի բոլոր կողմերի համար: Համաձայն այդ գործարքի, պետք է որոշ ծախսեր կրճատվեն, որոնք ցանկանում էինք կատարել, օրինակ՝ պատրաստվում էինք ծախսեր կատարել ճանապարհների, կամուրջների և օդանավակայանների արդիականացման ուղղությամբ։ Բայց ընդունեցինք այդ գործարքի պայմանները»,- ասում է ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթ Բուտիջեջը:
ՄըքՔարթիի կողմից Ներկայացուցիչների տանը ներկայացված պետբյուջեի նախագծի համաձայն, Ուկրաինային 300 միլիոն դոլարի ֆինանսավորում է նախատեսված: Սակայն անգամ այդ գումարը դժվար թե ստանա ծայրահեղ հանրապետականների հավանությունը:
Հանրապետականների վերոհիշյալ խումբը ցանկանում է հասնել պետբյուջեի ծախսերի արմատական կրճատմանը, ինչպես նաև սահմանափակել ԱՄՆ աջակցությունն Ուկրաինային:
Անցած շաբաթ Սպիտակ տանը նախագահ Բայդենն ողջունեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ խոստանալով շարունակել ամերիկյան աջակցությունը Կիևին։