Վիրավոր որդու հետևից Ստեփանակերտի հիվանդանոց հասած Զարինեին հայտնել են՝ երկու որդիները զոհվել են. BBC-ի պատմությունը
BBC-ին հրապարակել է ականատեսների վկայություններ Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել են երեք երեխա և երկու տարեց:
Ադրբեջանը պնդում է, որ հարվածել է միայն «ռազմական թիրախներին», սակայն BBC-ն զրուցել է Զարինե Ղազարյանի հետ, որը կորցրել է երկու որդիներին, երրորդ որդին ծանր վնասվածքներ է ստացել։
Ադրբեջանի ռազմական գործողությունները վերապրածները որակում են որպես «անխտիր հարձակում»:
Սառնաղբույր գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այն շրջապատված է անտառներով և հեռու է որևէ նշանակալի ռազմական թիրախից: Սեպտեմբերի 19-ին, երբ սկսեց ադրբեջանական հարձակումը, Զարինե մոտակա Ասկերան քաղաքում էր։ Նա փորձում էր մանկական կաթնախառնուրդ գտնել կրտսեր որդուն՝ Կարենին կերակրելու համար:
Ավելի քան ինն ամիս շրջափակման պայմաններում ապրելը հանգեցրել է սննդի, վառելիքի և ջեռուցման պակասի: Լսելով պայթյունների ձայները՝ կինը փորձել է տուն վերադառնալ, բայց իրեն կանգնեցրել է ուժգին կրակը: Զարինեին հայտնել են, որ իր որդին՝ Սեյրանը, ծանր վիրավորվել է, և տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Նրա մյուս երեք երեխաներին տարհանում էին ռուս խաղաղապահները։ Բայց երբ կինը հասել է հիվանդանոց, իմացել է, որ ռումբերը սպանել են իր երկու որդիներին՝ ութամյա Միքայելին և տասնամյա Նվերին։
BBC-ն Զարինեի հետ խոսել է հիվանդանոցում։ Մորը թույլ են տվել տեսնել որդիների մարմինները, որոնք գլխի հատվածում լուրջ վնասվածքներ ունեին։
«Ես տեսա նրանց։ Սարսափելի էր։ Ես ուզում եմ, որ նրանց հայրը գա»,-ասել է որդիներին կորցրած մայրը։
15 տարեկան Արմանը եղել է երեխաների հետ, երբ նրանք հայտնվել են թշնամու կրակի տակ։ Արմանն էլ վնասվածքներ ունի մեջքի, ուսերի ու ձեռքերի շրջանում։
«Նրանք սկսեցին ռմբակոծել ամենուր։ Որոշ մարդիկ սպանվեցին։ Մի քանիսը վիրավորվեցին։ Ես տեսա մարդկանց, որոնց գլուխները արյունոտ էին։ Ահավոր էր»,-պատմել է Արմանը։
Նա ասել էր, որ իր կողքին երեք արկ է պայթել։
«Մենք երեխաներին հավաքեցինք ծառերի տակ, որպեսզի տեսնենք, կարո՞ղ ենք նրանց ապահով տեղ հասցնել, այնտեղ էլ նրանք ռմբակոծեցին»,-ասել է 15-ամյա տղան։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ այդ օրը ևս երեք մարդ է սպանվել:
Գյուղապետ Գարիկ Ալեքսանյանը կորցրել է որդուն՝ Դավիթին, հորը՝ Ալեքսանդրին և կնոջ մորը՝ Գոհարին։ Որդու վնասվածքների մասին նրա նկարագրությունը չափազանց պատկերավոր է կրկնելու համար։
Սառնաղբյուրի ևս 15 բնակիչ վնասվածքներ է ստացել։ Շատերը ստիպված են եղել լքել իրենց տները։ Նրանք միացան հարձակման հետևանքով իրենց տներից տեղահանված հազարավոր այլ էթնիկ հայերի արտագաղթին: Նրանցից շատերը փորձել են հասնել Ստեփանակերտ, կամ ռուս խաղաղապահները նրանց տարել են տեղի օդանավակայանում գտնվող իրենց բազա: Շատերը հույս ունեին, որ օդանավով Հայաստան կհասնեն, բայց փոխարենը մնացին արգելափակված թռիչքուղում:
Զարինեն ուզում է որդու մարմինները տանել Հայաստան՝ հուղարկավորելու, սակայն ուղղաթիռները հիմա Ղարաբաղից միայն վիրավորներին են դուրս բերում, իսկ ցամաքային ճանապարհով մեքենաների հերթը հասնում է տասնյակ կիլոմետրերի։
Այսպիսով, նա և իր ընտանիքը սպասում են:
Հարակից հրապարակումներ`
- Սառնաղբյուրի 5 բնակիչ uպանվել է, 15-ը՝ վիրավորվել, 4-ը՝ գերեվարվել Ադրբեջանի կողմից. Արցախի ՄԻՊ
- «Սառնաղբյուրի գյուղապետը գյուղի երեխաներին տարհանեց, իսկ սեփական երեխան զոհվեց․․․»