ԱՄՆ-ը հայտարարել է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար
Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում արձանագրված պայթյունի մասին:
Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնի հայտարարության մեջ ասված է.
«Մենք ցավով ընդունեցինք այն լուրը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով և խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Մենք հորդորում ենք ապահովել շաունակաբար հումանիտար մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ընթացող ճգնաժամից տուժածներին, երբ 28000 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան։
[USAID] Ադմինիստրատոր [Սամանթա] Փաուերը գտնվում է տարածաշրջանում, և այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ բուժօգնության և այլ շտապ կարիքները հոգալու համար, որի միջոցով օգնելու է տեղական համայնքներին ապահովել ապաստան և անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են հիգիենայի պարագաները, վերմակները և հագուստը՝ Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների կարիքները հոգալու համար։ 2020 թվականից ի վեր մենք աջակցել ենք Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում հակամարտությունից տուժած համայնքներին սննդի, ջրի, շտապ բժշկական օգնության և տարհանման տրամադրմանը, ինչպես նաև ընտանիքների վերամիավորման հարցում», փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան