«Ժողովուրդ». Ինչու է Կնյազ Հասանովը բնակարանի վարձավճարի փոխհատուցում ստանում, եթե տուն ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կնյազ Հասանով անունով պատգամավոր կա ՀՀ Ազգային ժողովում, որը ՀՀԿ ժամանակներից իշխանության մեջ գործում է, հանգիստ աշխատում՝ իբրև քուրդ ժողովրդի ներկայացուցիչ: Հասանովը, որ ապրում է Աբովյան քաղաքում, նաև Ազգային ժողովի բյուջեից բնակարանի վարձավճարի փոխհատուցում է ստանում:
Հիշեցնենք, որ Կնյազ Հասանովը ԱԺ ամենաավագ պատգամավորն է, որը Հայաստանի քրդական համայնքի ղեկավարն է, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահը, սակայն երբեք կամ խիստ հազվադեպ է խորհրդարանի ամբիոնից կամ առհասարակ խոսել քրդական համայնքի խնդիրներից: Նա թոշակառուի կարգավիճակով մասնակցում է ԱԺ նիստերին, քվեարկում, ստանում իր ներկան, աշխատավարձը, պատգամավորի համար նախատեսված ներկայացուցչական գումարը՝ 250 հազար դրամը, և, դրանից բացի, նաև ստանում է փոհատուցում ԱԺ բյուջեից վարձով բնակվելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ լրատվական ծառայությունից հայտնել են, որ Կնյազ Հասանովը, այո՛, 2019-ից մինչ օրս ստանում է բնակարանի վարձավճարի փոխհատուցում: Իրականում Կնյազ Հասանովը բնակվում է իր տանը՝ Աբովյան քաղաքում, որտեղից մայրաքաղաք Երևան հասնելը ավելի հեշտ է և արագ, քան, օրինակ, Նոր-Նորքի 9-րդ զանգվածից կամ Երևանի Հաղթանակ թաղամասից:
Այս բարեխղճությամբ ՀՀԿ խմբակցությունից՝ «Իմ քայլը», ապա «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցություններ տեղափոխված տարեց պատգամավորը աշխատում է ՀՀ-ում, ավելին՝ երիտասարդ խորհրդարանականների հետ քննարկում է հարցեր, թե ինչպես էին «նախկինները թալանում երկիրը»: Իրենք, սակայն, բյուջեն մսխում են անթաքույց, առանց վատ զգալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում