«Ժողովուրդ». Ինչ են քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովները սկսել են նիստեր գումարել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են նիստեր գումարել։ Հոկտեմբերի 3-ին գումարվելու են ԱԺ լիագումար նիստերը, և հանձնաժողովներում քննարկված նախագծերն արդեն կքննարկվեն այնտեղ։
Այս նստաշրջանում թերևս բուռն քննարկման է ենթարկվելու 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և, կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունն ընդունելու վերաբերյալ հարցը։
Այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նախագիծը մինչև լիագումար նիստում քննարկվելը կքննարկվի նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այդ նույն նիստում մեկ այլ հետաքրքիր նախագիծ էլ է քննարկվելու, որով կառավարությունն առաջարկում է ընդունել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ։
Այսինքն՝ այսուհետ վարչապետն է որոշելու այդ կարգն ու օգտվելու կանոնները։ Մեկ այլ նախագծով էլ կառավարությունն առաջարկում է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի և Վարչական դատարանի դատավորներին տալ հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով: Այս որոշումը կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում