Մեծապես վտանգված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը. Գարեգին Երկրորդ
Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ավստրալիայի Նահանգային խորհրդարանականների պատվիրակությանը՝ գլխավորությամբ պատվիրակության համանախագահներ Հուգ Մըք Դերմոթի և Փիմ Ջեյմսի։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ անդրադարձել է արցախահայության շարունակվող բռնի տեղահանությանը և Ադրբեջանի իշխանությունների կողմից հայորդիների հետապնդումներին։ Հայոց Հայրապետն ընդգծել է նաև, որ մեծապես վտանգված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը՝ հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից ամբողջ աշխարհի աչքի առաջ Նախիջևանի դարավոր հայկական գերեզմանի շուրջ 6000 խաչքարերի իսպառ ոչնչացումը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով անդրադարձել է միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքին, ինչը և առիթ է տվել Ադրբեջանին անարգել իրագործել Արցախում իր ոճրագործ և ցեղասպան քաղաքականությունը՝ շրջանցելով միջազգային մարդասիրական բոլոր նորմերը։
Հանդիպմանը, Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարելով Ավստրալիա կատարած իր հովվապետական այցելություններին, գոհունակությամբ արձանագրել է, որ ականատեսն է եղել Ավստրալիայի ժողովրդի ու իշխանությունների՝ հայկական համայնքի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը, հանուն հավատավոր հայորդիների, իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի իշխանություններին։
Իր հերթին պատվիրակության համանախագահ Հուգ Մըք Դերմոթը շնորհակալություն է հայտնել Հայոց Հովվապետին Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու համար և ընդգծել, որ առկա մարտահրավերների և սպասվող զարգացումների մասին ամբողջական պատկերացումն օգտակար կլինի իրենց հետագա հայանպաստ գործունեության ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ.Պահանջում ենք, որ պատշաճ արձագանք և գնահատական տրվի՝ կանխելու հետագա նմանատիպ մշակութակործան դեպքերը
- Թալիշի շրջակայքում գտնվող Մելիք Բեգլարյանների ամրոց-ապարանքը՝ ավերման եզրին. monumentwatch.org
- «Տուղ» պետական արգելոց ստեղծելու Ալիևի հրամանը ազդարարում է հայկական մշակութային ժառանգության այլափոխումների և ավերումների նոր շրջանը. monumentwatch.org
- Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org
- Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
- Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է. monumentwatch.org