Ձերբակալվել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը
Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում Մ.Շուշանյանը ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները:
Շարունակելով իր հանցավոր՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր տարածելու գործունեությունը, իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում, Մ.Շուշանյանն այսօրինակ բովանդակությամբ գրառում է կատարել նաև սեպտեմբերի 22-ին, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով միայն՝ եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»:
Մեկ այլ գրառման մեջ էլ օգտատերը գրել է. «կիկոլին, դրա կուտոկից ցանկացածին որտեղ բռնեք սատկացրեք, հնարավորինս դաժան, բայց նաև արդյունավետ, սաղ չմնան. աած, ոստիկանություն, սպասում եմ, եկեք, տարեք»:
Նկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և համակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:
Մ.Շուշանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Վարույթի շրջանակներում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալելու վերաբերյալ:
Սեպտեմբերի 28-ին Մ․Շուշանյանը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են քննչական կոմիտեից։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա