ԵԱՀԿ ԽՎ-ի անդամներ. Պետք է ակտիվացվեն ջանքերը, որպեսզի Ղարաբաղում մարդասիրական կարիքները բավարարվեն
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովի նախագահ Լյուսի Պոտիչկովան (Չեխիա) և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենը (Նորվեգիա) այսօր հայտարարություն են տարածել Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին.
«Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղում տիրող իրավիճակին և հատկապես մտահոգված ենք էթնիկ հայ բնակչության հումանիտար կարիքների վերաբերյալ հաղորդագրություններով։
Թեև մենք ի գիտություն ենք ընդունել հումանիտար օգնության առաքումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված ջանքերը, կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը համախմբել և ակտիվացնել ջանքերը կարիքավոր բնակչությանն ապրանքների և ծառայությունների պատշաճ մատակարարման համար, ինչպես նաև ապահովել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ԿԽՄԿ-ի ամբողջական և անխոչընդոտ մուտքը տարածաշրջան՝ տեղում մարդասիրական իրավիճակը մեղմելուն ուղղված ջանքերը համալրելու նպատակով:
Մենք նաև կոչ ենք անում ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և էթնիկ հայ բնակչության անվտանգությունը, ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահը, ներառյալ բնակչության կամավոր, անվտանգ և արժանապատիվ տեղաշարժը ողջ տարածաշրջանում, ինչպես նաև կանխել տեղի բնակչության դեմ հնարավոր հետևանքները։
Ի վերջո, մենք նաև կոչ ենք անում երրորդ կողմերին կառուցողական դեր խաղալ տեղի բնակչության հումանիտար կարիքները լուծելու գործում։ Այս առումով ընդգծում ենք տարածաշրջան անկախ լրատվամիջոցների հասանելիության կարևորությունը, հակազդելու կեղծ պատմություններին և կեղծ լուրերին, որոնք սրում են քննարկումները տեղում և արտերկրում»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի