Դուք Արցախի հայաթափման, բռնի տեղահանման և էթնիկ զտման հանցակից եք․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«ԱՆՍԱՀՄԱՆ ՑԻՆԻԶՄ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆՎԱՍՏԱՑՈՒՄ՝ ՀՈՒՄԱՆԻՍՏԻ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ
Անսահման ցինիզմ ու հրապարակային նվաստացում կա հումանիստի դիմակ հագած, ճերմակաձեռնոց ու սմոկինգավոր միջազգային «կարեկցանքի» մեջ։
Անգամ՝ նողկալի։ Իրականում այս կազմակերպված, արևմտյան համանվագ «հումանիզմը» վաղուց ծրագրված և կյանքի կոչված գործարքների ու հայ ժողովրդի կանխորոշված մսաղացի ծխածածկույթն է։
Փաստ է՝ Հայաստանը դավաճանված էր նախ ներսից, հետո կամ զուգահեռաբար՝ դրսից։
Որ նիկոլն այս «պրոյեկտը կյանքի կոչելու» տրոյական ձին էր, ակնհայտ է, ապացուցելու կարիք չկա։ ՀՀ քաղաքացին իր միջից «ընտրեց» հնարավոր ամենաանհայրենիք, ազգադավ ու անբարոյական հանձնակատարին․․․
Անսահման ցավի կողքին անսահման նվաստացուցիչ է, մահացու խարան՝ 21-րդ դարում ցեղասպանվելը․․․
Արցախի ցեղասպանության և հայրենազրկումի մեջ՝ նիկոլի և օրվա իշխանության կողքին մեղսակից, հանցակից և պատասխանատու է նաև միջազգային հանրությունը, և նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները։
Նիկոլի ձերքով զոհասեղանին դրված Արցախ-Հայաստանից շահառու են անխտիր բոլորը, բացի հայ ժողովրդից։
Այն, ինչ կատարվեց և կատարվում էր Արցախում միջազգային ինստիտուտների և միջազգային իրավունքի մահն է։ Սրանք թղթի վրա գրված դատարկ հանձնառություններ են, իրավունքներ և խոստումներ, իսկ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌՋև ՎԵՐԱՁԵՎՎՈՒՄ Է ՈՒԺԵՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒ ՇԱՀՈՎ, ԹՈՒՅԼ-ԱՆԿԱՐՈՂՆԵՐԻ՝ ԱՐՅԱՄԲ։ Մեզ կազմակերպված թուլացրել էին, դարձրել անկարող․․․
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի բացահայտ ագրեսիայի օրերին քաղաքակիրթ աշխարհ՝ ԵԱՀԿ, ԵՄ, ՄԱԿ, գերտերություններ, դուք լռեցիք։
Դուք լռեցիք, երբ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ և աջակցությամբ օտարերկրյա վարձկաններ ներգրավեց։
Լռեցիք, երբ Արցախում քիմիական զենք գործածվեց։ Ձեր աչքերը փակեցիք, երբ Արցախից ջնջվում էր մեր մշակութային հետքն ու ժառանգությունը։ Ադրբեջանական կոռուպցիոն սկանդալով հայտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանեց, որ մի օր դիտորդական խումբ կուղարկի։ Լռեցիք՝ լսելով Ալիևի հայատյաց, արմենոֆոբիկ հայտարարությունները, ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունները։
Լռեցիք՝ անգործ ու անպտուղ մտահոգություններ արտահայտելով 2021-ի սեպտեմբերյան լայնածավալ հարձակման, հայերի խոշտանգումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ։
Դուք լռեցիք, որովհետև էներգետիկ ու աշխարհաքաղաքական շահերը բարձր են ցեղասպանվող հայերից։
Կրկնակի ստանդարտներով ուղեկցվող Արևմուտքի մտահոգության և սիրո թիրախում Ուկրաինան է։ Մինչդեռ ցեղասպանությունը, ագրեսիան կամ միջազգային իրավունքը աշխարհագրություն չեն ճանաչում, մորթվածի ցավը նույնն է։
Բայց դուք խուլ էիք ձևանում ու կույր։ Խավիարային և էներգոռեսուրսային քաղաքականությունը վեր է հումանիզմից ու բարոյական արժեքներից։ Այս ամենին ֆոնին ԵՄ-ն Ադրբեջանին դիտում էր սոսկ որպես էներգիայի հուսալի մատակարարի ու Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ձեռքով միլիարդների պայմանագիր կնքում Ալիևի հետ։
Ադրբեջանի ցեղասպանական վարքագիծն ակնհայտ էր․ Արցախում էթնիկ զտումները 2020-ից էին սկսվել․ բռնի տեղահանումներ, արմենոֆոբիա, մշակութային վանդալիզմ, քաղաքացիների առևանգում, գերիներ, գազատարի պայթեցում․․․ քաղաքակիրթ արևմու՜տք, ձեր կեցվածքը թեթև մտահոգություններից այն կողմ չանցավ։
Դուք կարող էիք Ադրբեջանին՝ իբրև պատերազմական հանցագործի և ցեղասպանի՝ միջազգային հաստատված նորմերով պատասխանատվության ենթարկել, դուք չարեցիք։
Դուք լռեցիք, և Ադրբեջանի շարունակվող ագրեսիան զսպելու և Արցախի ժողովրդի ցեղասպանությունը կանխարգելելու որևէ գործուն միջոց չկիրառեցիք։ Այն ամենը, ինչ կատարվում էր Արցախում մարդկության դեմ հանցանք էր, պատերազմական հանցագործություն՝ ամրագրված բազմաթիվ կոնվենցիաներով, տակը ձեր ստորագրությունները, նաև՝ Հայաստանինը։
Դուք չուզեցաք հետևողական լինել, որպեզի կյանքի կոչվեն Միջազգային դատարանի որոշումները։ Ձերը ուժի իրավունքն է ու աշխարհաքաղաքական շահը, քաղաքական կամքի բացակայությունը, թղթի վրա գրված մարդասիրական արժեքներ ու սկզբունքների դատարկ շարադրանքը։
Դուք լռեցիք, մինչդեռ կարող էիք մեկ քայլ առաջ գնալ և սանկցիաներ կիրառել ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ, դուք դա չարեցիք։ Թերթեք միջազգային իրավունքն ու տեսեք, թե ապագա սերունդներն իրենց հայրենիքում ապրելու ինչպիսի անօտարելի իրավունքներով են օժտված, ու դուք ձեր վարքով հեղինակազրկեցիք, սպանեցիք միջազգային իրավունքն ու ինստիտուտները։
Դուք լռեցիք ՝ ԵՄ գրասենյակ, միջազգայիններ, արևմտյան դեսպանատներ, երբ Հայաստանում հաստատվում էր բռնատիրությունը, ոտնահարվում էին մարդու իրավունքները և այլասերվում ժողովրդավարական ինստիտուտները։ Ժողովրդավարությունը ձեզ համար սոսկ վարագույր էր, հայաստանում ներազգային պառակտումն ու հանձնակատար նիկոլի ռեժիմը ամրագրելու ֆոն։
ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի համանախագահողների խմբում ներքին կոնֆլիկտերն ընդամենը պատրվակ էին, որ դուք խուլ և կույր ձևանայիք և կանաչ լույս վառեիք ցեղասպան Ադրբեջանի առջև։
Ձեր` /ԵՄ և հարակիցներ/ հարկադրանք- ճնշումներով իջեցվեց «բանակցային նշաձողը»։ Շարլ Միշելի՝ Պրահայում նիկոլից կորզած Ադրբեջանի տարածքային ամբողջականության հայտարարությունից հետո ադրբեջանական սանձարձակությունը նոր թափ ստացավ՝ Արցախում էթնիկ զտումների նոր ալիք, մահեր, կյանքի իրավունքի մերժում, բլոկադա․․․ Միջազգային հանրության կողմից 120000 արցախահայերի անվտանգության պահպանման զրոյական քայլ, անվտանգային ոչ մի մեխանիզմ և երաշխիք։
ԵՄ, Ժարլ Միշել՝ սա ձեր անմիջական մեղքն է, հանցավոր անգործությունը․․․
Երևանի ու Գորիսի սրճարաններում հանգստացող ԵՄ անմանդատ դիտորդները պարզապես երկարատև զբոսաշրջիկ են․․․
44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովյասում խախտվեց ռազմական հավասարակշռությունը, իսկ Միացյալ Նահանգները չդադարեցրեց ռազմական աջակցությունը ագրեսոր Ադրբեջանին։ Ջո Բայդենը չկիրառեց «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը և ԱՄՆ-ը շարունակեց և շարունակում է ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին:
Մինսկի խումբը Արցախի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ, անդամ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների ստորագրությամբ, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մի քանի հայտարարություն է ընդունել՝ հստակ ամրագրելով միջազգային իրավունքի սկզբունքների համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը, ուժով կամ ուժի սպառնալիքով հակամարտությունը լուծելու անընդունելիությունը։
ԱՄՆ, ՌՈՈՒՍԱՍՏԱՆ, ՖՐԱՆՍԻԱ, դուք հանձնառու եք և անդամակից Հելսինկիի եզրափակիչ ակտին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, որոնք անընդունելի են համարում ուժով կամ ուժի սպառնալիքով հակամարտությունների լուծումը։ Դուք, փաստորեն հրաժարվու՞մ եք ձեր ստորագրությունից և Արցախցիների ցեղասպանությամբ հարցը լուծված համարո՞ւմ։
Դուք Ցեղասպանությունը դատապարտող և կանխարգելող միջազգային կոնվենցիա եք ստորագրել, բայց լռեցիք, կուրացաք, որովհետև «առաջնահերթություններ» ունեք, ձերը Սյունիքում «հումանիտար» վրան խփելն էր․․․
Հետո, հայկական համայնքներին հաճոյանալու, ձեր դիմակները «փրկելու», մի քանի ձայն կորզելու համար Արցախի ցեղասպանությունը «դատապարտող» բանաձևեր կընդունեք ու հուշարձանների բացման արարողությունների կմասնակցեք․․․
Դուք կանաչ լույս վառեցիք ցեղասպան Ադրբեջանին ու հիմա իրար հերթ չտալով հումանիտար խոստումներ եք տալիս ու Սյունիքում հայ փախստականների վրաններ խփում։
Նիկոլի ձերքով զոհասեղանին դրված Արցախ-Հայաստանից շահառու են անխտիր բոլորը, բացի հայ ժողովրդից։
Կրկնում եմ՝ վերոհիշյալներ, դուք Արցախի հայաթափման, բռնի տեղահանման և էթնիկ զտման հանցակից եք!!!!!!
Մենք էս ցավի մեջ ուժ պիտի գտնենք հույսներս մեր վրա դնելով՝ նորոգվելու, ոտքի կանգնելու, ազգովին վերակերտվելու ուժ։
Չհանձնվել, չմեռնել․․․»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան