Սուրենյանցը՝ Փաշինյանին. Վայելե՜ք ձեր ուրացումը...
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Վայելե՜ք ձեր ուրացումը...
Հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես դադարում է գոյություն ունենալ։
Հաղթանակի մսխման և արժանապատիվ խաղաղության օրակարգի ուրացման տրամաբանական հանգրվանն է, որը մեկնարկեց 1998-ից ու ամփոփվեց Նիկոլ Փաշինյանի անփառունակ քաղաքականությամբ:
2018-ին Հայաստանում հեղափոխություն չի եղել: Եթե այդպիսի բան տեղի ունեցած լիներ, ապա Փաշինյանը հանձնառություն կստանձներ վերադառնալ 90-ականների քաղաքական մտքին ու ստորագրությամբ կլուծեր ԼՂ խնդիրը՝ արժանապատիվ խաղաղություն բերելով Հայաստանին ու Արցախին:
Բայց նա նույնիսկ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ոչնչացրեց, երևակայական թռիչքով իրեն համարեց Տիգրան Մեծ, ում առաջ ծնկի պիտի գան Ալիևն ու Էրդողանը:
«Արցախը Հայաստան է և վերջ»-ի արկածախնդրությունը վերջացավ «Ադրբեջան է և վերջ» վերդիկտով, որը ծնվեց 44-օրյա պատերազմի փլատակների վրա, միս ու արյուն ստացավ Պրահայի քառակողմ փաստաթղթում:
Անկախ նրանից, թե լուծարման ակտի տակ ում ստորագրությունն է՝ դա Երրորդ հանրապետության վախճանի ակտն է, որի «հետևողական ջատագովը» Ալիև- Էրդողան զույգից «կադաստրի վկայական» մուրող Նիկոլ Փաշինյանն է:
Նա կստանա այդ վկայականը՝ Ալիև- Էրդողան զույգի «դաբռոյով», ռուսական «նոտարի» կնիքով, արևմտյան աշխարհի «քաղաքակիրթ օրհնությամբ»՝ Բաթումի- Ալեքսանդրապոլ քարտեզով»։