
Տոկաև.Ղազախստանը հետևելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմին
Ղազախստանը կհետևի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմին, և Բեռլինն այս հարցում որևէ մտահոգություն չպետք է ունենա։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Պատժամիջոցների հնարավոր շրջանցման հետ կապված՝ Ղազախստանը հստակ հայտարարել է, որ հետևելու է պատժամիջոցների ռեժիմին, մենք շփումներ ունենք համապատասխան կազմակերպությունների հետ՝ պատժամիջոցների ռեժիմը պահպանելու համար»,-ասել է Տոկաևը և հավելել. «Ինձ թվում է, որ գերմանական կողմը չպետք է մտահոգվի պատժամիջոցների ռեժիմը շրջանցելու հնարավոր գործողությունների առնչությամբ»։
Շոլցն իր հերթին գոհունակություն է հայտնել, որ Ղազախստանի կառավարությունն աջակցում է Արևմուտքին պատժամիջոցների շրջանցումը կանխելու ջանքերում։
Տոկաևը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։ Շոլցի հետ հանդիպումից հետո Ղազախստանի ղեկավարը նախատեսում է մասնակցել Կենտրոնական Ասիայի և Գերմանիայի պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Բացի այդ, այցի ծրագիրը ներառում է Տոկաևի ելույթը Berlin Global Dialogue միջազգային ֆորումում և մի շարք հանդիպումներ գերմանական գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանին 20 նոր սահմանապահ ստորաբաժանման ձևավորման մասին
- ՌԴ պաշտոնյան խոսել է ուրանի մասնիկների հայտնաբերման պատճառով Իրանին ուղղված Արևմուտքի գործողություններից
- Պուտին. Քննարկվում է Հայաստանում ու Ղրղզստանում կովիդի դեմ ՌԴ պատվաստանյութի արտադրության տեղայնացումը
- Պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը. Փաշինյանը՝ ՌԴ պատվիրակության հետ հանդիպմանը