Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Երկրորդ օրն է լրանում, որ ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան դատախազին միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի թույլ տա 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը տեսակցություն ունենա մոր հետ։
Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա։ Օրենքով իհարկե դատախազն ունի մինչև 7 օր ժամանակ, սակայն համոզված եմ, որ սա այն սովորական դեպքերից չէ, որ սպասեն 7 օրը լրանա և որոշում ընդունեն։
Երբ ես կալանավորված էի նախկին ՀՔԾ-ն իմ նկատմամբ էլ նույն արգելքն էր կիրառել։ Ինձ արգելված էր տեսակցելը ընտանիքիս անդամների, այդ թվում՝ երկու անչափահաս զավակներիս հետ։ Այդ առիթով լրագրող Վահե Մակարյանը (եթե չեմ սխալվում) ՀՔԾ պետ, այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին հարցրեց, թե ինչպե՞ս պետք է երեքամյա որդիս ազդի նախաքննության վրա, որ թույլ չեն տալիս տեսակցությունը։ Սասուն Խաչատրյանը տվեց ամենաանսպասելի պատասխանը, նա ասած՝ քննիչի թյուրիմացության հետևանք է։ Այսինքն՝ քննիչը թյուր իմացություն ուներ քրեական օրենսդրության մասին։ Իհարկե այդ քննիչին այդպես էլ պատասխանատվության չկանչվեց, ավելին՝ նույնիսկ պաշտոնի առաջխաղացում ունեցավ։
Հիշեցնում եմ, որ Մարատի մայրն ինձանից խնդրում է տեսակցություն որդու հետ։ Ցավոք քննչականն ու դատարանը շատ դաժան են վարվել Մարատի ու նրա մոր հետ։ Այս պահին արգելված են Մարատի հետ բոլոր տեսակի տեսակցությունները։ Այդպիսով Մարատն այս պահին ոչ թե գտնվում է նախնական կալանքի տակ, այլ՝ պետական իշխանությունը նրա նկատմամբ կալանքը օգտագործում է որպես պատիժ։
Տեսակցությունը թույլատրելու իրավասություն ունի հսկող դատախազը, որին էլ երկու օր առաջ ուղարկել եմ համապատասխան միջնորդություն»։
Հարակից հրապարակումներ`
- Կալանավորված 18-ամյա արցախցու մայրն արդեն Երևանում է, թույլ չեն տալիս տեսակցել որդուն. Փաստաբան
- Արցախցի 18-ամյա երիտասարդին Քննչական կոմիտեն որոշեց տանել կալանավորման․ Բաբայան