Պետք է ամեն ինչ անենք, որ Ռուբեն Վարդանյանը հնարավորինս շուտ ազատ արձակվի․ «Ազնավուր» հիմնադրամ
«Մենք խորապես ցնցվեցինք՝ իմանալով, որ այսօր Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են մեր ընկեր Ռուբեն Վարդանյանին։ Ռուբենը, վտանգելով սեփական կյանքը, միացել էր Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին՝ փորձելով փրկության ուղիներ գտնել, թեև հաջողության հասնելու հավանականությունը փոքր էր։ Նա ավելի քան ինը ամիս ապրել է շրջափակման մեջ՝ ծանր պայմաններում և սիրելիներից հեռու»,- այս մասին ասված է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի հայտարարության մեջ։
«Չնայած նրա դեմ տարվող ապատեղեկատվական արշավին՝ Ռուբենը հայրենասեր է և բարերար, ով մեծ թվով կարևոր նախագծեր է իրականացրել հայ ժողովրդի համար՝ Տաթևի վանքի վերականգնումը, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) հիմնումը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծումը և բազմաթիվ այլ ծրագրեր:
Երբ 2015 թվականին՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ, ես ու հայրս հանդիպեցինք Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին և Վարդան Գրեգորյանին ու նրանց պատմեցինք Հայաստանում հիմնադրամ ստեղծելու մեր մտադրության մասին, Ռուբենն իր և իր թիմի ողջ ներուժը ներդրեց՝ օգնելով մեզ ամենասեղմ ժամկետներում հիմնել «Ազնավուր» հիմնադրամը։ Եվ մենք բնավ միակը չենք, ում Ռուբենն օգնել է, ու նրա շնորհիվ մենք միացել ենք Հայաստանում հաստատված սփյուռքի բազմաթիվ այլ ներկայացուցիչների՝ փորձելով ավելի լավ ապագա կառուցել մեր երկրի համար։
Բոլոր այս տարիների ընթացքում մեզ համար մեծ հաճույք էր աշխատել Ռուբենի, ինչպես նաև նրա օրինակելի ընտանիքի՝ Վերոնիկա Զոնաբենդի և նրանց զավակների հետ։ Մենք ցանկանում ենք մեր աջակցությունն ու երախտագիտությունը հայտնել Ռուբենին ու հիշեցնել, որ նա մեծ տեսլական ունեցող անհատ է, ով կարողանում է իր շուրջը միավորել հանուն հայրենիքի գործող մարդկանց։ Մեզ անհրաժեշտ են Ռուբենի նման նվիրված գործիչներ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նա հնարավորինս շուտ ազատ արձակվի», ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան