Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որևէ աղերս չունի:
Ընդ որում, Հանրապետության նախագահը այս սպառնալիքի փաստը հստակ արտացոլել է իր իսկ հրամանագրում. «հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակը և ելնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ...»: Այսպիսով, Արցախի Հանրապետության գոյությունը դե ֆակտ դադարել է ագրեսիայի արդյունքում: Առաջարկում եմ, խնդրում եմ՝ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանին արտագնա նիստ անել և քննարկել այդ հրամանագրի սահմանադրականության հարցը (դիմել կարող են խորհրդարանի պատգամավորները), սա անհրաժեշտ է հետագա իրավաքաղաքական առողջ ու սթափ զարգացումների համար: Արցախի Հանրապետության բոլոր սահմանադրկան մարմինները պարտավոր են շարունակելու իրենց վտարանդի գործունեությունը: Չի կարելի այս համատարած ընկճախտի մթնոլորտում ապագա սերնդին զրկել գոնե ամուր իրավական հիմքեր ունենալու հնարավորությունից և տարվել զուտ կենցաղային հարթությամբ մեղավորներ փնտրելու անպտուղ ու ցածրակարգ զբաղմունքով: Չի կարեի կրկնել այն պատմական մեծագույն սխալը, որ գործեցինք Նախիջևանի պարագայում՝ այդպես էլ երբեք այդ զորեղ փաստարկը չներառելով բանակցային օրակարգ:
Ոճրագործի պարզած ձեռքը սեխմելը և, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելը ևս առոչինչ է լինելու՝ վերը նշված հիմնավորումներով ....»։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, ըստ որի՝
- Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան