Ի՞նչ պետք է անել սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար
1999 թվականից սկսած ամբողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը: Օրվա խորհուրդը և նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման և առողջ ապրելակերպի անհրաժեշտության վերաբերյալ ազգաբնակչությանը ևս մեկ անգամ իրազեկումն է:
ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համայակ Սիսակյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այս օրը ևս մեկ անգամ սրտաբաններին, առողջապահական կազմակերպություններին հնարավորություն է տալիս հիշեցնելու բնակչությանը, որ առողջ ապրելակերպը առողջ սիրտ ունենալու գրավականներից մեկն է:
«Սիրտանոթային հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են ամբողջ աշխարհում, բայց այդ հիվանդությունները կարող են կանխվել կամ զարգանալ ավելի մեծ տարիքում, եթե մարդիկ իրենց ապրելակերպը փոխեն»,- ասաց պրոֆեսորը։
Իրականում, ըստ նրա, վիճակագրությունն ահազանգող է։ Օրինակ, ըստ նրա, ԱՄՆ-ում 18-ից բարձր տարիքի բնակչության 47 տոկոսն ունի զարկերակային հիպերտենզիա, իսկ շուրջ 30 մլն մարդ էլ տառապում է շաքարային դիաբետով։ Բացի այդ, մեծահասակ ազգաբնակչության 30 տոկոսն ունի դիաբետ, բայց չգիտի, որ իր մոտ կա այդ հիվանդությունը։ «Սրանք ահազանգող թվեր են, քանի որ հիպերտենզիան, շաքարային դիաբետը, ծխախոտի օգտագործումը, սակավաշարժությունը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոններն են։ Մինչդեռ դրանց վրա կարելի է ազդել ապրելակարպի փոփոխությամբ»․- ընգդծեց Համայակ Սիսակյանը։
Նրա խոսքով՝ մանկապարտեզից, դպրոցից սկսած երեխաները պետք է իմանան առողջ ապրելակերպի մասին․ «Միայն այդ դեպքում կունենանք առողջ սերունդ»։
ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչը նշեց, որ ամենատարածվածն ամբողջ աշխարհում այսօր սրտի իշեմիկ հիվանդությունն է, որին նպաստում է ճարպերով հարուստ սնունդը, խոլեստերինի բարձր քանակը, հիպերտոնիան, շաքարային դիաբետը, ավելորդ քաշը, սակավարժությունը։ Նրա խոսքով՝ մեր երկրում 65-ից բարձր տարիքի մարդկանց 25 տոկոսն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, 80 տոկոսը՝ զարկերակային հիպերտոնիա։
«Ստի իշեմիկ հիվանդության ժամանակ անոթը նեղանում է և ավելի դժվար է արյուն մատակարարվում անընդհատ աշխատող սրտամկանին, այսինքն՝ կորոնարային զարկերակների ախտահարման պատճառով խախտվում է սրտամկանի արյան մատակարարումը։ Իսկ եթե այդ նեղացած անոթում առաջանում է թրոմբ, ապա դա բերում է սրտամկանի սուր ինֆարկտի»,- ասաց Համայակ Սիսակյանը։
ՍԻՀ հիմնական ախտանշանները ներառում են ցավ կրծքավանդակում, հեղձուկ, ծանրության զգացողություն, կարող է նաև կոկորդի ցավ լինի։ Եթե այս նախանշաննրը կան, ապա, ըստ մասնագետի, պետք է անմիջապես դիմել բժշկի՝ հաստատելու կամ բացառելու սրտի իշեմիկ հիվանդությունը։
Իսկ եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, մարդիկ պետք է հետևողական լինեն և շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրնց առողջությանը։
Համայակ Սիսակյանը նշեց նաև, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սրտի իշեմիկ հիվանդությունն ու սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել են:
Նա մեկ անգամ հիշեցրեց, որ սիրտ-անոթային հիվանդությունը բազմապատճառային հիվանդություն է, որի զարգացման մեջ մեծ դեր ունեն ճարպակալումը, ծխախոտամոլությունը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկապես պասիվ կենսակերպը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ժառանգական նախատրամադրվածությունը:
Սրտանոթային հիվանդություններից զերծ մնալու համար, բժիշկը խորհուրդ է տալիս շատ քայլել, սննդակարգից պակասեցնել յուղոտ, տապակած ուտելիքը, գազավորված ըմպելիքը։
«Շատ կարևոր է նաև խուսափել սթրեսային իրավիճակներից, լինել ավելի բարեհամբույր, հանդուրժող շրջապատի նկատմամբ։ Ամենակարևորը՝ առողջ սիրտ ունենալու համար տարին մեկ անգամ դիմել բժշկի համապատասխան հետազոտություններ անցնելու համար»,- ասաց Համայակ Սիսակյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան